Քրդերը հայտարարել են, որ պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցը

Նրանք կօժանդակեն քրդական ջոկատների դուրսբերմանը սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հեռու, որը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում

«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական  ջոկատները պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցն այն բանից հետո, երբ ձեռք կբերվի սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծումը, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է SDF պաշտոնական ներկայացուցիչ Մուսթաֆա Բալին։

«Առաջարկվել է դա, թե ոչ՝ խնդիրն անվանումների մեջ չէ, այլ Սիրիայի քաղաքական ճգնաժամի, որը պետք է լուծել։ Բոլոր կողմերը պետք է ընդունեն, որ կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծել քաղաքական ճանապարհով»,- մեկնաբանել է Բալին սիրիական բանակի «հինգերորդ բրիգադին» ջոկատների հնարավոր միացման մասին տեղեկությունները։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է քաղաքական լուծում, որի շրջանակում սիրիացի ժողովուրդը եւ նրա բոլոր տարրերը կհաշտվեն միմյանց հետ։ Այդ ժամանակ SDF-ն բաց կլինի լուծումների առջեւ՝ անկախ անվանումներից, որոնք կառաջարկվեն՝ սիրիական բանակին, թե «հինգերորդ բրիգադին»,- ասել է Բալին։

Նա նշել է, որ  կապի խողովակները «բոլոր կողմերի հետ» միշտ բաց են։

Պաշտոնական Դամասկոսը չի ընդունում ինքնավար վարչակազմը Սիրիայի հյուսիս-արեւելքում, որը վերահսկում է Եփրատից արեւելք տարածքները, եւ նրանց ռազմական թեւը՝ SDF-ն։ Դամասկոսը մի քանի ապարդյուն բանակցություններ է վարել ինքնավար քրդական վարչակազմի հետ։

Ավելի վաղ ՌԴ-ն եւ Թուրքիան ստորագրել է փոխըմբռնման հուշագիր 10 կետից, մասնավորապես՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտու սահմաններից դուրս, սիրիական կողմում ռուսական ռազմական ոստիկանություն եւ սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ մտցնելու մասին։ Նրանք կօժանդակեն քրդական ջոկատների դուրսբերմանը սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հեռու, որը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում։ Այդ պահից կսկսվի ռուս-թուրքական համատեղ պարեկումը սահմանից դեպի արեւմուտք մինչեւ 10 կիլոմետր խորության վրա եւ Թուրքիայի գործողության գոտուց դեպի արեւելք, Ղամիշլի քաղաքից բացի։