Փաշինյանի անհամոզիչ պատասխանը խորացնում է կասկածները․ Մարինե Սուքիասյան

Սկանդալը կա, և այն շարունակում է ամեն աշխատասենյակում, ամեն շենքում ու խոհանոցում քննարկվել

Վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ նախարարների և այլոց վարձատրման գաղտնի որոշման մասին, համոզիչ չէր։ Ակնհայտ է, որ ավելի լավ պատասխան ուղղակի չէին կարողացել գտնել։

Համոզիչ չէր նաև այն պատճառով, որ ավելի վաղ իր խոսնակ՝ Վլ. Կարապետյանը լրիվ այլ մեկնաբանություններ էր տվել։ Չսինքրոնացված աշխատանքն ակներև էր, իսկ դա խոսում է օրվա կուրսով ավելի համոզիչ «կրուտիտ» գտնելու փորձերի մասին։

Սկանդալը կա, և այն շարունակում է ամեն աշխատասենյակում, ամեն շենքում ու խոհանոցում քննարկվել։

Այս պայմաններում անհրաժեշտ են քայլեր, որոնք չանելը խորացնելու է կասկածները։

Նախ՝ անհրաժեշտ է արդեն հիմա փաստաթղթի վրայից հանել գաղտնիության կնիքը, որից հետո իրավական վերլուծություն իրականացնել՝ պարզելու դրա իրավականությունը:

Առաջին. անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի՞ մասին է որոշումը՝ անհատական պարգեւավճարների մասի՞ն, պարգեւավճարային հիմնադրամի օգտագործման մասի՞ն, պետծառայողներին տրվող դրամական պարգեւատրման ընդհանուր մակարդակի մասի՞ն, եւ այլն:

Եթե այս փաստաթուղթը պարունակում է նորմատիվ բնույթ կրող կարգավորում, ապա այն չէր կարող գաղտնի լինել:

Երկրորդ. անհրաժեշտ է հասկանալ, թե վարչապետն իրավունք ունե՞ր նման որոշում կայացնել, թե՞ ոչ: Ո՞վ է մշակել այս փաստաթուղթը, ինչպիսի՞ իրավական փորձաքննության է ենթարկվել մինչեւ ստորագրումը:

Երրորդ. անհրաժեշտ է հասկանալ, թե որքանո՞վ է ընդունված որոշումը համապատասխանում Բյուջետային համակարգի մասին օրենքին եւ 2019թ. բյուջեի մասին օրենքին, որքանո՞վ է ընդունված որոշումը համապատասխանում պետծառայողներին վճարելու մասին օրենքին եւ հանրային ծառայության մասին օրենքի դրույթներին:

Անհրաժեշտ է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն են կազմում լրացուցիչ վճարումները՝ համաձայն այդ որոշման, եւ բյուջեի ո՞ր հոդվածներից են փակվելու այդ ծախսերը:

Եթե պետական մարմինների, այսպես կոչված, արտաբյուջետային հիմնադրամները կարգավորվում են օրենքով, եւ ծախսերը կարգավորվում են կառավարության բաց որոշումներով, ապա ինչպիսի՞ լուծում է կառավարությունը գտել այն պարգեւավճարային հիմնադրամների համար, որոնք կազմում են աշխատանքի վճարման հիմնադրամի երեսուն տոկոսը: Ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինում այդ միջոցները՝ նախարարը, վարչապետը, թե՞ կառավարությունը:

Պարգեւավճարը պետծառայողի՝ կոնկրետ ժամանակահատվածում կամ կոնկրետ ծրագրի ավարտից հետո կատարած գործունեության անհատական գնահատականն է: Պարգեւավճարը չի կարող մշտական լինել: Այս դեպքում սա արդեն հավելավճար է: Նույնիսկ այն դեպքում, երբ քաղծառայողների համար եռամսյակային կամ տարեկան պարգեւավճարներ են սահմանվում, օրենքով մշակվում է աշխատողների գործունեության անհատական գնահատման հատուկ համակարգ, եւ որոշվում է պարգեւավճարների չափը:

Մեր ունեցած տվյալներով՝ նախկին կառավարությունների գործունեության ժամանակ, որպես կանոն, նախարարներին եւ մարզպետներին անհատական պարգեւավճարներ չեն հատկացվել, այդ իսկ պատճառով՝ գաղտնի փաստաթղթեր այս հարցով չեն եղել, որպեսզի հղում կատարվի որոշումների կայացման իներցիային: Սա՝ ևս մեկ անհամոզիչ պահ վարչապետի երեկվա խոսքից։ Եթե մենք սխալվում ենք, ապա հրապարակեք նմանատիպ նախկին փաստաթղթերը։

Դարձյալ բաց է մնում երեկվա իմ հարցադրումը.

Այդ գաղտնի որոշման մեջ կա՞ արդյոք վարչապետին և փոխվարչապետերին վերաբերող դրույթներ։ Եթե այո, ապա ի՞նչ գումարների մասին է խոսքը, եթե ոչ, արդյո՞ք դա ենթադրում է, որ այդ անձինք ունեն այլ եկամուտներ և կարիքը չունեն օրինական հավելավճարների։ Հակառակ դեպքում ստացվում է, որ փոխնարարները վարչապետից ավելի մեծ եկամուտ ունեն։ Իսկ սա նոնսենս է։

Մարինե Սուքիասյան

«Իմ Ձայնը» Նախագիծ