Թրամփը հայտնել է սահմանային պատի կառուցման մասին նահանգում, որը սահմանամերձ չէ

Կոլորադոն Նյու Մեքսիկոյից հյուսիս է գտնվում, ամերիկյան իշխանությունները նախկինում չեն հայտնել այս նահանգում որեւիցե սահմանային պատի կառուցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սահմանային պատի կառուցման մասին Կոլորադո նահանգում, որը չի հարում ամերիկա-մեքսիկական սահմանին: Պիտսբուրգում (Փենսիլվանիա նահանգ) նրա ելույթը թերթաքարային էներգակիրներին նվիրված համաժողովւմ հեռարձակել է Սպիտակ տան կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գիտե՞ք, թե ինչու ենք մենք պատրաստվում ընտրություններում հաղթել Մեքսիկային սահմանակից Նյու Մեքսիկո նահանգում: Որովհետեւ նրա բնակիչները իրենց սահմանին անվտանգություն են ուզում: Նրանք դա չունեին,- ասել է նա: - Մենք պատ ենք կառուցում Նյու Մեքսիկոյի սահմանին: Մենք պատ ենք կառուցում Կոլորադոյում: Մենք կառուցում ենք գեղեցիկ, մեծ պատ, որն իսկապես արդյունավետ է, որի վրա անհնար է բարձրանալ եւ անհնար է տակը փորել»:

«Մենք պատ ենք կառուցում Տեխասում: Մենք պատ չենք կառուցում Կանզասում, բայց նրանք օգուտ են ստանում այն պատերից, որոնց մասին հենց նոր խոսեցինք»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը:

Կոլորադոն Նյու Մեքսիկոյից հյուսիս է գտնվում, ամերիկյան իշխանությունները նախկինում չեն հայտնել այս նահանգում որեւիցե սահմանային պատի կառուցման մասին: Միեւնույն ժամանակ, Կոլորադո գետի երկայնքով, Արիզոնա նահանգում՝ ամերիկա-մեքսիկական սահմանի մոտ կառուցվում է պատի հատված:

Դեմոկրատները վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարին խիստ քննադատության են ենթարկել այդպիսի արտահայտությունների համար:

Թրամփի օրոք ակտիվացել է ապօրինի միգրանտների դեմ պայքարը, ում ԱՄՆ թափանցելու փորձերը կանխվել են, եւ նրանց վտարումը, ում այդ փորձերը հաջողվել են: Դեռեւս 2016 թվականին նախագահական նախընտրական արշավի ժամանակ նա իր կողմնակիցներին խոստացել էր անցկացնել ավելի կոշտ ներգաղթային քաղաքականություն եւ ուժեղացնել սահմանային վերահսկողությունը: Սպիտակ տան տերը համոզված է, որ ապօրինի ներգաղթյալները հանցագործներ են:

Նա անցյալ տարվա հոկտեմբերին սպառնացել էր հարավային սահմանը փակել, եթե Մեքսիկայի իշխանությունները չկասեցնեն Կենտրոնական Ամերիկայի պետություններից իրենց երկրով եկող միգրանտների հոսքը, որոնք ձգտում էին հայտնվել ԱՄՆ-ում: Դրանից բացի, Թրամփը կարգադրել էր սահմանապահներին օգնության ուղարկել մի քանի հազար զինծառայողի:

Նա փետրվարի 15-ին հրաման էր ստորագրել Մեքսիկայի սահմանին ԱԴ ռեժիմ մտցնելու մասին: Սպիտակ տանը պարզաբանել էին, որ դա նախագահին թույլ կտա ընդհանուր 8 մլրդ դոլար ստանալ, որը ծախսվելու է հարեւան երկրի 376,5 կմ երկարությամբ սահմանին պատվարների կառուցման կամ նորոգման վրա: Վարչակազմում կարծում են, որ դա իշխանություններին կօգնի կանխել ապօրինի ներգաղթը եւ թմրանյութերի մաքսանենգությունը: