Ով է տրանսպորտի և կապի կալանավորված նախկին նախարարը

Քրեական դատարանն այսօր որոշում է կայացրել մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել կալանավորումը

Մինչ լուրեր էին շրջանառում, որ կալանավորվելու է Գագիկ Բեգլարյանը, կալանավորվեց Կապի և Տրանսպորտի մեկ այլ նախկին նախարար՝ Գուրգեն Սարգսյանը․ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում էր կայացրել՝ բավարարել դատախազության բողոքը և մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել կալանավորումը: Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր այն և Սարգսյանին ազատ արձակել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ սույն պաշտոնյան 2007 թվականին եղել է ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր՝ ՕԵԿ խմբակցության անդամ, ապա 2010 թ․ կոալիցիոն կառավարությունում ՕԵԿ  քվոտայով նշանակվել է նախարար։ Մինչ այդ եղել է  ՀՀ պետական ռեգիստրի ղեկավարը, 2010 թ․ Սերժ Սարգսյանի հրամանով ազատվելուց հետո նրան փոխարինել է Մանուկ Վարդանյանը, իսկ նախորդել՝ Անդրանիկ Մանուկյանը։

Գուրգեն Սարգսյանը Եվրոպական համալսարանի դասախոս է։ Հիշեցնենք, որ այս համալսարանի ռեկտորը նրա նախկին կուսակից Հեղինե Բիշարյանն է, թեև Սարգսյանը Արթուր Բաղդասարյանի ստեղծած կուսակցության անդամ է եղել մինչև ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» դառնալը։
 
«Հրապարակի» հետ զրույցում նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը Սարգսյանին բնութագրեց որպես «մի հիանալի անձնավորություն» ու կոռեկտ մարդ։