Թրամփը Թուրքիան եւ Սիրիայի քրդերին համեմատել է բակում կռվող երեխաների հետ

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը եւ Թուրքիան համաձայնագիր կնքեցին մարտական գործողությունները դադարեցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Թուրքիան, որը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, եւ քրդերին համեմատել է բակում կռվող երեխաների հետ, որոնց բաժանում է Միացյալ Նահանգները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Fox News հեռուստաալիքի հարցազրույցում նա պատմել է թուրքական ռազմական գործողության դադարեցման պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել անցած շաբաթ։ «Եկել է մեր զինվորներին տուն վերադարձնելու ժամանակը։ Ես չգիտեմ, կգնա՞ր Թուրքիան (արդյունքում) այն բանին, ինչ հիմա է անում, եւ կդադարեցնե՞ր արդյոք կրակը։ Եվ ես չգիտեմ՝ կհեռանայի՞ն արդյոք (արդյունքում) քրդերը (առանց ԱՄՆ օգնության)։ Ասես երկու երեխա լինեն, որոնք կռվում են մանկական հրապարակում։ Դու թույլ ես տալիս նրանց մեկ րոպե կռվել, իսկ հետո բաժանում ես նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Բավական հեշտ էր հասնել գործարքի»,- ավելացրել է նա։

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողություն սկսելու մասին՝ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է դառնա պաշտպանական գոտի թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, ըստ Անկարայի մտահղացման, Թուրքիայից կարող են վերադառնալ  սիրիացի փախստականները։ Դամասկոսը գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը եւ Թուրքիան համաձայնագիր կնքեցին մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ Թուրքիան համաձայնեց 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք մտնում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ, հեռանան Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանամերձ գոտուց։