Վիրահատությունը արվել է մոր կյանքի ցուցումով, երեխան առանց ճիչի է ծնվել. բժշկուհին մանրամասներ է հայտնում

Նրա խոսքով` երեխան տուժել է կեսարյան հատման ընթացքում, քանի որ կեսարյան հատումից առաջ երեխայի սրտի զարկերը լսվել են բարձրաձայն

«Իջեւան» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 18-ին մահացած ծնված նորածնի հարազատները բողոք չեն ներկայացրել վիրահատությունն իրականացրած բժշկուհու դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կեսարյան հատումն իրականացրած 33-ամյա բժշկուհի, մանկաբարձա–գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վարդուհի Վարդապետյանը:

«Ամսի 18-ին եկել է հղի կինը 32 շաբաթական ժամկետում, նախնական ախտորոշումը եղել է սպառնացող վաղաժամ ծննդաբերություն, ուղեգրվել է հիվանդանոց, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, հղին պառկեցվել է, համապատասխան բուժօգնություն, որից հետո վիճակը կայունացել էր, արդեն բավականին լավ էր իրեն զգում: Մոտավորապես 4 ժամ հետո սկսվեցին սուր ցավեր եւ վաղաժամ շերտազատում էր տեղի ունենում: Անմիջապես իջեցվել է էխոսկոպիայի: Ֆիքսվել է, որ ունենք ընկերքի վաղաժամ շերտազատում, սակայն պտղի սրտի զարկերն էլ են եղել: Ես անմիջապես նրան վիրահատարան եմ մտցրել եւ կյանքի ցուցումով կեսարյան հատում ենք իրականացրել»,-ասաց  բժշկուհին:

Նրա խոսքով` երեխան տուժել է կեսարյան հատման ընթացքում, քանի որ կեսարյան հատումից առաջ երեխայի սրտի զարկերը լսվել են բարձրաձայն:

«Ես հանել եմ առանց ճիչի երեխա, երեխան տուժել է, բայց վիրահատությունն արվել է մոր կյանքի ցուցումով, որովհետեւ այլ տարբերակ այս դեպքում գոյություն չունի: Նորածինը անհաս պտուղ է ծնվել, ինչի արդյունքում չի շնչել, ռեանիմացիոն գործողություններ են արվել, սակայն նա չի շնչել»,- հայտնեց նա:

Բժշկուհին ասաց, որ ինքն է դեպքի մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին, սակայն ծննդկանի հարազատները որեւէ բողոք չեն հայտնել. «Ծննդկանի վիճակը բավական լավ է, նա 8 ժամ անց քայլել է, արգանդը պահպանվել է, հետագայում նա կարող է՝ երեխա ունենա եւ կարծում եմ՝ վաղը կգնա տուն»:

Նրա խոսքով` վերջնական հետազոտություններից հետո կպարզվի, թե ինչի արդյունքում է դեպքը տեղի  ունեցել:

Նշենք, որ 23-ամյա ծննդկանը Տավուշի մարզի Սեւքար գյուղի բնակչուհի է: