Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղրամիսն ավարտված է. Թոմաս դե Վաալ

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Արցախը նման է գործող հրաբխի,որի ժայթքումը կարող է աղետալի լինել

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղրամիսն ավարտված է. տանն ունեցած բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ նա ստիպված է գործ ունենալու նաև արցախյան խնդրի տեսքով գլխացավանքի հետ, որը շարունակվում է արդեն 30 տարի», - այս մասին գրում է բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր «Ինչ պատճառով կարող է արցախյան խնդրի շուրջ  հնագույն կոնֆլիկտը դարձյալ բռնկվել» հոդվածում:

Ըստ նրա՝ 18 ամիս անց  Փաշինյանը դարձյալ հանրաճանաչ է, և նրա կուսակիցները գերակշռում են ԱԺ-ում: Այնուամենայնիվ, Փաշինյանը բախվում է այն խնդրին, որին գրեթե միշտ բախվել են քաղաքացիական հեղափոխությունների բոլոր խարիզմատիկ առաջնորդները. այն է՝ ինչպես փողոցային քաղաքականությունից անցում կատարել կայուն կառավարման:

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Արցախը նման է գործող հրաբխի,որի ժայթքումը կարող է աղետալի լինել», - գրում է դե Վաալը:

Վերլուծաբանը հիշեցնում է, որ Ալիևը և Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել են, բայց հակամարտությունը չի կարող լուծում ստանալ միայն փակ սենյակում 2 առաջնորդների միջև հանդիպումով, քանի որ այն համազգային գիտակցության մեջ խորապես արմատներ գցած հակամարտություն է:

Ըստ նրա՝ եթե մոտ օրերս բանակցությունների ժամանակ չլինի քննարկման առավել էական թեմա, Արցախում իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ՝ կանգնեցնելով դիվանագիտական դինամիկ փակուղու առաջ և անգամ հանգեցնելով 1994 թ.-ից կնքված հրադադարի պայմանագրի խախտմանը: