Քրդական զորամիավորումներին պաշտպանելու դեպքում Թուրքիան պատերազմ կհայտարարի Սիրիայի դեմ

Աքթայը շեշտել է, որ թուրքական և մյուս օտարերկրյա զորամիավորումները կհեռանան Սիրիայի հյուսիս-արևելքից՝ այդ տարածքներում խաղաղության և անվտանգության հաստատումից հետո

Եթե Սիրիայի կառավարական բանակը ցանկանում է մտնել Մանբիջ, Այն ալ-Արաբ, Կամիշլի, որպեսզի պաշտպանի քրդական ստորաբաժանումներին, ապա Թուրքիան պատերազմ կհայտարարի, և նրանք համարժեք պատասխան կստանան: Այդ մասին РИА Новости-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը:

«ԱՄՆ զորքերը, որոնք աջակցում էին քրդական զորամիավորումներին, ներկայում լքում են տարածքը, բայց եթե սիրիական բանակը պաշտպանի նրանց, ապա Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի, մենք չենք կարող դա թույլ տալ»,- նշել է Աքթայը:

Նրա խոսքով՝ եթե սիրիական բանակը երաշխավորի, որ տարածքում չկան ահաբեկչական խմբավորումներ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել Թուրքիայի անվտանգությանը, Անկարան կարող է փոխել իր դիրքորոշումը և գնահատել իրավիճակի կարգավորման նպատակով առաջարկվող լուծումները:

Աքթայը շեշտել է, որ թուրքական և մյուս օտարերկրյա զորամիավորումները կհեռանան Սիրիայի հյուսիս-արևելքից՝ այդ տարածքներում խաղաղության և անվտանգության հաստատումից հետո:

«Թուրքիան ուրիշներից երկիր չի խլում», - ավելացրել է Աքթայը: