Արդարացվա՞ծ է Կառավարության՝ 48 մլն 900 հազար դրամ գովազդային վահանակներին տրամադրելու որոշումը

Գումարը կապ չունի, կարևորը նպատակն է

Հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշվեց՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով, ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ: Այն ուղղվել է «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը, որոնք տարածվել են Երևանում և Հայաստանի մարզերի տարբեր հատվածներում։

Ըստ ընդունված որոշման հիմնավորման՝ մրցույթ չի հայտարարվել՝ ելնելով ժամկետի սղությունից և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունից, և այն տպագրելու իրավունքը վերապահվել է «Անտարես» հրատարակչությանը։

168.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք այս ծախսն արդարացված համարո՞ւմ են, և ուրիշ ինչի՞ համար կարելի էր ծախսել 48 մլն 900 հազար դրամը:

Քաղաքացիները մեզ հետ զրույցում դրա ծախսման բազմաթիվ ուղղություններ են նշել:

«Երևի Կառավարությունն ավելի լավ գիտի, թե ինչի վրա ծախսի, երևի պետք է իրենց գովազդի համար, չնայած այս պահին Հայաստանի պայմաններում այդպիսի փողեր ծախսելը գովազդի համար ճիշտ չեմ համարում, ոչ նպատակային է: Ուրիշ տեղ չկա՞ ծախսելու, օրինակ, երեխաների համար»։

«Եթե այդպես են հարմար գտնում, ուրեմն այդպես է պետք։ Անտեղի ծախս չեմ համարում, ուրիշ ուղղություններով էլ է  գումար ծախսվում»։

«Գովազդի համար նորմալ չեմ համարում։ Կարելի էր ծախսել մանկատների, ծերանոցների, սոցապահովագրության վրա»,- կարծում է մեր հարցախույզի մասնակիցը:

«Գումարը կապ չունի, կարևորը նպատակն է, մենք հիմա չենք կարող ասել, թե այդ 48 մլն-ը պե՞տք էր, որ ծախսվեր, թե՞ ոչ, մեզ համար, կարող է՝ այդ գումարը մեծ է, բայց այդ գումարով մի այնպիսի հարց է լուծվում, օրինակ՝ կարող է ենթագիտակցորեն ազդեն մարդկանց վրա»,- ասաց մեր զրուցակիցները մեկը:

«Շատ հաճելի է, շատ ճիշտ է, որ հայ ազգությունը հասկանա, որ սա մեր տունն է, մտածում եք, որ կառավարությունը փո՞ղ է կերել, բացառվում է»,- ասաց մեկ այլ համաքաղաքացի:

«Կառավարությունը որ հաստատել է, երևի ճիշտ է, բայց իրականում չգիտեմ։ Կարելի էր բարեգործական, սոցիալական ծրագրի վրա ծախսել»:

«Ես դա ճիշտ չեմ համարում: Կարելի էր գումարն աղբահանության վրա ծախսել: Իհարկե, կատարվում է աղբահանություն, բայց եթե լինեք ոչ կենտրոնական փողոցներում, կտեսնեք, որ աղբն այնտեղ դեռ կա»:

«Համարում եմ, որ արդարացված ծախս չէ, կարելի էր դրանով այս ժեշտի շուկան վերացնել (ցույց է տալիս Կառավարության շենքի դիմաց մի քանի շարքով կայանած մեքենաները:- Ա.Հ.)»: