Մասնագետները պարզել են՝ օրվա որ ժամին է հարկավոր մարզվել ավելորդ քաշից ազատվելու համար

Գիտափորձերը ցույց են տվել, որ ենթամաշկային ճարպի դեմ պայքարում վաղ առավոտյան մարզումները գերարդյունավետ չեն, սակայն դրանք դրական ազդեցություն են ունենում ընդհանուր առողջական վիճակի վրա

Ավելորդ քաշի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են ոչ միայն ճիշտ սննդակարգի, այլև մարզումների միջոցով, սակայն այժմ մասնագետները պարզել են, թե օրվա որ ժամին է պետք մարզվել առավել լավ արդյունքի հասնելու համար: Բաթի և Բիրմինգհեմի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ նախաճաշից առաջ մարզվելը կարող է շատ ավելի արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում: Բացի այդ, նախաճաշից առաջ մարզվելն օգնում է նաև վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, որոնք մարզվում են մինչ նախաճաշելը, երկու անգամ ավելի շատ ճարպ են այրում, քան նրանք, ովքեր օրվա այլ ժամերին են մարզվում: Սա վկայում է այն մասին, որ մարզումների ժամը փոփոխելը թույլ կտա շատ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքին:

6 շաբաթ տևած հետազոտությանը մասնակցել է ճարպակալումով կամ ավելորդ քաշով 30 տղամարդ, որոնց մասնագետները բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները մարզվում էին մինչ նախաճաշելը, իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ նախաճաշից հետո: Առաջին խմբի տղամարդկանց մոտ գիտնականներն առավել լավ արդյունք են գրանցել, ինչը մասնագետների կարծիքով պայմանավորված է նրանով, որ դատարկ ստամոքսին մարզվելու դեպքում ինսուլինի մակարդակն ավելի ցածր է լինում: Այս ամենի հետևանքով էներգիա ստանալու համար օրգանիզմն օգտագործում էր ճարպային հյուսվածքների ճարպը, այլ ոչ թե մկաններում պարունակվող ճարպերը:

Գիտափորձերը ցույց են տվել, որ ենթամաշկային ճարպի դեմ պայքարում վաղ առավոտյան մարզումները գերարդյունավետ չեն, սակայն դրանք դրական ազդեցություն են ունենում ընդհանուր առողջական վիճակի վրա: Վաղ առավոտյան մարզվելու դեպքում օրգանիզմն ավելի լավ է արձագանքում ինսուլինին և թույլ է տալիս պահել արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկողության տակ, իսկ սա օգնում է զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru