Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին

Պարբերականն անդրադարձել է Սևանա լճին և այլ ազգային պարկերի
Զբոսաշրջություն

Ryanair իռլանդական ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու կապակցությամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Պարբերականը Հայաստանը բնութագրել է որպես «Կովկասի զարդ»:

Հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը` պարբերականը նշել է, որ մեր երկրում կան բազմաթիվ հիասքանչ վանքեր և եկեղեցիներ: Այն առանձնացրել է Գեղարդն ու Նորավանքը:

Պարբերականն անդրադարձել է Սևանա լճին և այլ ազգային պարկերի:

Հայաստան գալու դեպքում պարբերականն առաջարկել է նաև այցելել Տաթևի վանական համալիր և օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց:

Խոսելով Երևանի մասին` Irish Examiner-ը նշել է, որ քաղաքի ճարտարապետությունը տպավորիչ է: «Աշխույժ, պատմական մայրաքաղաք, որը հպարտորեն կրում է եվրասիական ժառանգությունը: Հայաստանի մայրաքաղաքը հարուստ է այնպիսի ճարտարապետությամբ, որն արժանի է տեղ գտնել զբոսաշրջային ուղեցույցներում»,-ընդգծված է պարբերականում:

Irish Examiner-ը շեշտել է, որ Երևանը հարուստ է բազմաթիվ ռեստորաններով ու սրճարաններով, որտեղ կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել: