Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ ՍԴ որոշման վերաբերյալ

ՍԴ-ն որոշել է մերժել գործի քննությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել ՍԴ-ի որոշման վերաբերյալ.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։ Սակայն ՍԴ-ն այսօր որոշել է մերժել գործի քննությունը։

Այս հարցը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այլ ոչ թե դասական իմաստով քրեադատավարական օրենսդրությանը։ Թիմը գտնում է, որ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը։

Խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք ՍԴ աշխատակարգային որոշման սահմանված ժամկետներում հրապարակելուց և դրան ծանոթանալուց հետո»։