ՍԴ-ն վերացնելու խնդիր է դրված. ԲՀԿ պատգամավոր

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործին, որում վերջին պնդում է, թե Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, ասաց, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ամեն գնով փոխի ՍԴ կազմը և այն ենթակա դարձնի իրեն։

«Ես մտավախություն ունեմ, որ եթե ամեն գնով ուզում են տապալել ինչ-որ մեկի, այստեղ արդեն երկու վարկած է առաջ գալիս. կամ այդ ինչ-որ մեկը դարի հանցագործն է, որը Հրայր Թովմասյանի մասին դժվար է ասել, կամ էլ սա պարտադրված ծրագիր է, և ուղղակի պետք  է պարզել, թե ինչ ծրագիր է: Մենք ունենք տարբեր մարտահրավերներ. այսօր պատերազմի  վտանգը կախված է Արցախի գլխին, մեր գլխին, հազար ու մի խնդիր ունենք՝ տնտեսական, սոցիալական խնդիրներ, իսկ իշխանությունն իր ամբողջ ջանքերն ուղղել է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելուն»,-ասաց նա: 

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այստեղ միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ: «Իմ  մտավախությունն այն է, որ այստեղ ամեն գնով ՍԴ կազմը փոխելու և իշխանությանը ենթակա դարձնելու խնդիրն է, իսկ դա չի կարող ինքնանպատակ լինել: Հավանաբար, ինչ-որ հարցեր կան և իշխանությունը հասկացել է, որ այս կազմով չի կարող պարտադրել ՍԴ-ին, հետևաբար՝ պետք է այլ նախագահ, այլ կազմ, որպեսզի կարողանան իշխանությունն ինչ-որ հարցեր լուծել, բայց չեմ կարող ասել, թե դրանք ինչ հարցեր են»,-ասաց նա: 

Պատգամավորը նշեց, որ չի կարող մանրամասների մեջ մտել, թե ինչ հիմքով են, օրինակ, Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հորն ու երկու դուստրերին կանչել ԱԱԾ, բայց նշեց, որ ակնհայտ է, որ ամեն գնով Հրայր Թովմասյանին հրաժարականի դրդելն է: «Իսկ Հրայր Թովմասյանն այն ֆիգուրը  չէ, որից կախված լինի Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ ներպետական խնդիր լուծելու հնարավորությունը կամ ինչ-որ ծրագիր իրականացնելու: Ես ենթադրում եմ, որ Թովմասյանը խոչընդոտ է ՍԴ-ն գրավելու ճանապարհին»,– ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, թե բնական է, որ նույն քայլերը կարող են անել ՍԴ ցանկացած այլ անդամի նկատմամբ: «Ուրեմն ինչ-որ հարցեր կան, որ մենք չգիտենք, և ինչ-որ բաներ էլ սպասվում են, որ ոչ մի բանով չեն նպաստելու մեր պետականությանը: Ես մտածում եմ, որ այստեղ անձի խնդիր չի լուծվում, այստեղ ՍԴ-ն վերացնելու խնդիրն է, իսկ ՍԴ-ի գործառույթները, Սահմանադրությամբ եթե նայենք, ապա պարզ կարելի է հասկանալ, թե ինչի համար է իշխանությանը պետք ՍԴ-ն»,-ասաց նա։

Հարցին, թե որևէ օրինական հիմք տեսնում է այս գործողություններում, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ կոնկրետ քրգործի հանգամանքներից տեղյակ չէ, բաց այն հոդվածը, որով հարուցվել է գործը, կոնկրետ դրանում Հրայր Թովմասյանի մեղքը չի տեսնում: