Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել

Լիբերալ ազատ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան պետք է գլխավորի Թուրքիային պատժելու հարցով Արեւմուտքի ջանքերը

Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել՝ կապված Սիրիա թուրքական ներխուժման հետ, հաղորդում է DW Turkish-ը:

Ռազմական գործողությունների պատճառով Գերմանիան դադարեցրել է Թուրքիա զենքի արտահանումը: Սակայն գերմանացի որոշ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ այդ միջոցը բավարար չէ Անկարային զսպելու համար:

Լիբերալ ազատ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան պետք է գլխավորի Թուրքիային պատժելու հարցով Արեւմուտքի ջանքերը: Այդ գործողությունները նա անվանել է «իսլամական նախագահության բռնապետության ներխուժում, որը հակասում է միջազգային օրենքներին»:

Եվրախորհրդարանում Եվրոպական ազգային կուսակցության առաջնորդ եւ Քրիստոնեասոցիալական միությունից քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ մաքսային միության մասին համաձայնագիրը պետք է դադարեցվի, եթե Թուրքիան շարունակի Սիրիայում իր ագրեսիան:

Միեւնույն ժամանակ, «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունից Ալեքսանդր Գաուլանդան կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով գործընթացը կամ, ծայրահեղ դեպքում, դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում:

Չնայած զենքի մատակարարումների դադարեցմանը՝ Թուրքիային գերմանական զենքի վաճառքը հասել է 14 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին:

Dpa-ի տեղեկություններով՝ 2019-ի առաջին 8 ամսիների ընթացքում Բեռլինը Թուրքիային 277 մլն դոլարի չափով զենք է մատակարարել: