Մենք միշտ կոչ ենք արել կողմերին կառուցողական մոտեցում ունենալ. Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը

Որպես միջնորդներ՝ մեր առաջադրանքն այս հարցի վերջնական կարգավորման նպատակին հասնելու գործընթացի առավելագույն արագացումն է

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր կայացած ճեպազրույցի  ընթացքում գնահատական է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Այս համատեքստում մենք մեծ թվով քաղաքական հայտարարություններ ենք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնք արվում են երկու՝ Երևանի և Բաքվի կողմից, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, արվում են տարբեր աստիճանի էմոցիոնալությամբ, տարբեր աստիճանի վերագրությամբ պատմական համատեքստին, ժամանակակից համատեքստին: Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որը դրված է սեղանին: Մենք աշխատում ենք կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով: Որպես միջնորդներ՝ մեր առաջադրանքն այս հարցի վերջնական կարգավորման նպատակին հասնելու գործընթացի առավելագույն արագացումն է: Մեր կողմից մենք միշտ կոչ ենք արել կողմերին կառուցողական մոտեցում ունենալ: Մենք նույնպես առավելագույնս կառուցողականորեն զբաղվում ենք մեր դերով»,- ասել է Զախարովան:

Այսպես ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ «Վալդայ» ակումբում արած հայտարարությունն առ այն, որ «Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի անբաժան մաս»: