Հայաստանի հավաքականում (շատ) «բան չի փոխվել»

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի

Հայաստանի հավաքականի՝ հունիսից սկսված հաղթարշավն ու ոգևորությունը ավարտվեց հոկտեմբերին, երբ ֆուտբոլային բախտի՝ խնամքով փաթեթավորված նվերը՝ Ֆինլանդիայի պարտությունը Բոսնիա և Հերցեգովինայից, մեր տղաներն ուղղակի նետեցին աղբամանը՝ նույնիսկ առանց բացելու։ Հիմա արդեն այս երկու խաղերից հետո, ակնառու է, որ հավաքականում իրականում շատ բան չի փոխվել՝ բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի տրամադրվածության։ Ամեն ինչի մասին՝ հերթով․․․

1․ Չէինք պատրաստվել

Լիխտենշտեյնի հավաքականի հարյուրավոր թույլ կողմերից մեկն էլ կանխատեսելիությունն է․ մենք գիտեինք, որ նրանք հետ են քաշվելու, ու ավտոբուսը չեն հեռացնի՝ քանի գոլ էլ նրանց խփես։ Բայց Լիխտենք, ամեն դեպքում, Սան Մարինո չեն, թեև Ջիբրալթարի՝ ուղիղ 1 տարի առաջ տրված դասից հետո մեզ նման չպետք է մնացած լինեին մրցակիցներ, որոնց դեմ կարելի է պատրաստվել կիսով չափ։ Իսկ այս դեպքում՝ հենց այդպես էլ կար․ Հայաստանի հավաքականը չուներ բանաձև, թե ինչպես է կոտրելու մրցակցի՝ ամբողջ թիմով պաշտպանությունը։

Այս միավորների գինն այնքան բարձր էր, որ պետք էր նույնիսկ Պլան C ունենալ, իսկ մենք նույնիսկ Պլան A չունեինք։

Առաջին կեսում տղաները տիրում էին գնդակին, բայց վտանգավոր պահերը քիչ էին, ու առանձնապես վտանգավոր էլ չէին։ Գոլն էլ եկավ հեռվից հարվածից՝ անակնկալ որոշում այդ խաղում ամենաակտիվ Տիգրան Բարսեղյանից։ Առաջին կեսում պահերի նման սակավությունը պետք է մարզչին հուշեին վաղ փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նա տանջեց ու տանջվեց մինչև այն վայրկյանը, երբ բան փոխել արդեն ուշ էր։ Ինչո՞ւ․․․ որովհետև չէին մտածել լուծումներ նախօրոք։ Լիխտենշտեյնին առաջին հերթին թերագնահատել էր մարզչական շտաբը, և ոչ թե ֆուտբոլիստները։

Ֆինլանդիայի հետ խաղին մեր հավաքականը ավելի պատրաստ էր թվում, թեև զգացվում էր, որ ձախողած խաղը Լիխտենշտեյնում շատ բան է կոտրել թիմում։ Հետո, անհասկանալի էր գնդակը բարձր փոխանցումներով դուրս բերելու պրակտիկան, երբ ֆինների կենտրոնական պաշտպանը Ալեքսանդր Կարապետյանից բարձրահասակ էր այնքան, ինչքան ինքը՝ Կարապետյանը՝ մեզանից յուրաքանչյուրիցս։

2․ Դաշտում անհատներ էին, այլ ոչ թե թիմ

Լիխտենշտեյնի հետ խաղում մեր հավաքականի խաղում միակ աշխատող էֆեկտիվ փոխհամագործակցությունը նախկին ակումբակիցներ Տիգրան Բարսեղյանի ու Հովհաննես Համբարձումյանի միջև էր՝ աջ եզրում։ Դե, կենտրոնական պաշտպանների իրար փոխանցումները, եթե դեմ չեք, չհաշվենք։ Մնացած բոլոր դեպքերում մեր ֆուտբոլիստները խաղում էին անհատական խաղ։

Ամենաշատը նյարդայնացրեց Սարգիս Ադամյանը։ «Բավարիային» 2 գնդակ ներարկած մեր հերոսը տանն էր թողել «սուպերհերոսի» շորերը, Լիխտենշտեյնի ֆուտբոլիստների դեմ նա մեկը մեկի դեմ անցումների նույնիսկ կեսը չհաջողեց, իսկ երբեմն էլ տարվեց անհատական խաղով, երբ պետք էր փոխանցել։ Ընդ որում, Տուրկուում զգացվեց, որ նրա վրա դրա համար չէին խոսացել։

4․ Դաշտում չկար ավագ, ֆուտոլային ուղեղ, առաջնորդ, գոլահար…

Արմեն Գյուլբուդաղյանցի ամենաուժեղ կողմերից մեկը երևի Հենրիխ Մխիթարյանի հետ աշխատանքն է, նրան ճիշտ ազատություն տալը, նրա շուրջ հավաքականում բարձր հոգեբանական ֆոն կառուցելը։ Մեր մարզիչը Հենոյի բացակայությամբ իր ուժեղ կողմը շրջեց իր իսկ դեմ։

Հենոն մեր ավագն է, մեր առաջնորդն է, մեր ֆուտբոլային ուղեղն է, մեր գոլահարն է:

Գյուլբուդաղյանցն իրավացի էր, հաջորդ օրը թիմը դաշտում չուներ ոչ ավագ, ոչ առաջնորդ, ոչ ֆուտբոլային ուղեղ, ոչ էլ գոլահար։

Լիխտենշտեյնի դեմ խաղում թիմը ակնհայտորեն սթափվելու կարիք ուներ, խփած գոլից հետո հարձակվողները սկսել էին տարվել անհատական խաղով, պաշտպանվելիս էլ ոչ բոլորն էին վազում մինչև վերջ։ Հենոյի բացակայությամբ այդ սթափեցնող կոչը հնչեցնող չեղավ։

Ամբողջությամբ՝ vnews.am