70 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ

Ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չէ վերցնել

«Երեկ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել»: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանից երեք ուղղություն է բացվել՝ Բեռլին, Հռոմ, Միլան, դեպի Բեռլին ևս մեկ ուղղություն էլ բացվել է Գյումրիից. «Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները: 2020 թվականի հունվարի 28-ին տոմսի գինը կազմում է 35,86 եվրո՝ մեկ ուղղությամբ: 70 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ»:

«Որքան ես հասկացա, այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չէ վերցնել»,-հարցրեց վարչապետը:

Ավինյանն ասաց, որ հնարավոր է, ուղղակի՝ հավելյալ վճարներով. «Հավելյալ վճարով հնարավոր է ստանալ մյուս ծառայությունները՝ սնունդ և այլն: Նման ընկերությունների մուտքն էական ազդեցություն են ունենում ներգնա ու արտագնա տուրիզմի վրա: Սա հնարավորություն է ստեղծում նոր խավի համար, որպեսզի ճամփորդեն: Այն դրական կազդի տուրիզմի զարգացման առումով»:

Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցածը կարևոր իրադարձություն է, մինչ այդ եղել են քննարկումներ, կարևոր դերակատարում է ունեցել Քաղավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» օդանավակայանը շատ գործընկերային դիրքորոշում է ցուցաբերել։