Գրիգորի Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին

Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո
Փաշինյան  Հայրապետով

Երեկ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այս մասին ասված է նախագահի հրամանագրի մեջ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»:

Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո: Հատկանշական է, որ Գրիգորի Հայրապետովը, ով կանգնած է Ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում, պահպանել է նաև երկրի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

Երբ Գրիգորի Հայրապետովը դեռ նոր էր նշանակվել ԱԱԾ պետական պահպանության պետի պաշտոնում, բոլորը, այդ թվում՝ նաև իշխանական մամուլը, ակտիվորեն շրջանառում էին այն թեզը, թե գրեթե բոլորը զարմացած են, որ սա նույն մարդն է, ով պահպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

«Նշվում է, որ Հայրապետովի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նոր պաշտոնի նշանակվելը վկայում է պետական ինստիտուտի՝ ԱԱԾ-ի, պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, որը պայմանավորված չէ պետության ղեկավարների, անհատների նախասիրություններով:

Գնդապետ Գրիգորի Հայրապետովը, պատասխանատու լինելով Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի անվտանգության համար, իրականում ծառայում է պետությանը»,- սա էլ մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքից:

Եվ իսկապես Գրիգորի Հայրապետովի ողջ կենսագրությունը խոսում է հենց այն մասին, որ նա միշտ վեր է կանգնած եղել անձերից ու անուններից ու միշտ ծառայել է իր երկրին՝ պետության շահը վեր դասելով օրվա քաղաքական շահարկումներից բոլոր ժամանակներում, բարձր պահելով պետական պահպանության ծառայության՝ որպես ազգային պետականության խորհրդանիշի անունը:

Գրիգորի Ալբերտի Հայրապետովը մինչ այդ բարձր պաշտոնին նշանակվելը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետը, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է 2006 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:

Ծառայել է խորհրդային բանակում, ունի կառավարական պարգևներ, ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, 1991 թ.-ից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում: Այդ գործում իր կողմից ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի, զսպվածության, չափավորության ու անկողմնակալության համար միշտ մեծապես գնահատվել է երկրի նոր ղեկավարների ու կոլեգաների, ինչպես նաև ՌԴ, ԱՊՀ, ԱՄՆ, ԵՄ ու այլ երկրների իր կոլեգաների կողմից: Գերազանցությամբ ավարտել է ԱԱԾ և ՌԴ ԴՊԾ ակադեմիաները:

Երեկ այսպիսի կենսագրությամբ կադրային սպայից ազատվեց Նիկոլ Փաշինյանը: Իրադարձություններից առաջ չընկնելով՝ չենք կարող, իհարկե, պատկերացնել, ունի՞ արդյոք վարչապետ Փաշինյանն իր կադրային բազայում Գրիգորի Հայրապետովի կարգի երկրորդ պրոֆեսիոնալ, սակայն մի բան պարզ է, որ վերջինս, բնականաբար, չտեղավորվելով այսօրվա պաշտոնյայի ստանդարտ տեսակի տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, շարքային պաշտոնյա չէր: Նա այն պաշտոնն էր զբաղեցնում, որն անմիջականորեն պատասխանատու է երկրի ղեկավարների անվտանգության համար:

Ուրեմն ի՞նչն էր Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու պատճառը, և, ինչը պակաս կարևոր չէ, ինչո՞ւ նրան պաշտոնից ազատեցին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երեկվա ասուլիսից անմիջապես ժամեր անց: Ի դեպ, երեկ շատերը հիշեցին, որ վերելակում աղմկահարույց Փաշինյան-Ալիև «բանակցություններին» ներկա էր նաև Գրիգորի Հայրապետովը:

Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ իր՝ աշխատանքից ազատման մասին Գրիգորի Հայրապետովը, ում վերջերս էր նախագահի հրամանագրով շնորհվել գեներալ-մայորի կոչում, իմացել է միջնորդավորված: Նա անգամ զրույց չի ունեցել վարչապետ Փաշինյանի հետ: Վարչապետի անվտանգությունը լավագույնս ապահոված, երբևէ սկանդալների մեջ չհայտնված, զուսպ ու հավասարակշիռ գեներալ Հայրապետովն ինչ-որ երրորդ անձից է իմացել, որ այլևս ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը չէ:

Գոհար Սավզյան