Մենք ենք այդ թվերը ներկայացրել Նիկոլ Փաշինյանին. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնում է, որ վարչապետ Փաշինյանի հետ համեմատել են Անկախության տոնի օրը և դրան նախորդած երկու շաբաթ օրերը և նկատել, որ առնչվող ոլորտներում գրեթե նույն քանակությամբ կտրոն է տպվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց, որ Գյումրիում Անկախության տոնը նշելու օրը տպվել են նույն քանակությամբ ՀԴՄ-ներ, ինչ՝ նախորդ օրերին՝ չնայած մարդկանց մեծ հոսքին:

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այդ օրը Գյումրի 15 հազար տուրիստ է այցելել. «Վարչապետը մեզ հանձնարարեց ուսումնասիրել, թե բիզնեսին առնչվող ինչ ոգևորություն կա: Մենք ենք այդ թվերը ներկայացրել վարչապետին: Մենք միմյանց հետ համեմատել ենք Անկախության տոնի օրը և դրան նախորդած երկու շաբաթ օրերը և տեսել ենք, որ առնչվող ոլորտներում գրեթե նույն քանակությամբ կտրոն է տպվել: Սա խոսում է այն մասին, որ կա ՊԵԿ գործառույթների թերացում: Բայց ավելի շատ սա վկայում է ՀԴՄ կտրոն տրամադրելու մշակույթի չձևավորված լինելու մասին: Մենք այդտեղի ղեկավարին փոխել ենք, որոշակի վերլուծություններ ենք արել: Մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, քանի որ նա թերացել է: Սակայն ավելի շատ պատճառը մշակույթի պատճառն է, որը պետք է ձևավորել»: