Արցունքներով սրբի մեղքերը և կրկին ոտքի կանգնի ու հաստատվի ամրակուռ հավատի վրա

Ճշմարիտ հավատն ու դարձը կյանքում և կենցաղում վկայելով` բարի ու աստվածահաճո գործերով պտղաբերելն է, քանզի. «Գործերով հավատը կատարյալ դարձավ» (Հակոբոս Բ 22)

Ահա՜, փոքրի՛կ, քրիստոնյայի հոգևոր կյանքի համար կարևոր ու անկյունաքարային մի արտահայտություն, որը եղել է, կա ու մշտապես կլինի այդ կյանքի կարևորագույն ուղենիշերից մեկը: Ի՞նչ է նշանակում «վեմ» կամ ինչո՞ւ հենց «վեմ»: Բառարանները «վեմ» արտահայտությունը բացատրում են որպես «ժայռ, քարաժայռ, ապառաժ, միակտուր պինդ քար»: Այս բառի կիրառման անհրաժեշտությունը բացատրվում է նույն աստվածաշնչյան համարով. «Այդ վեմի վրա պիտի կառուցեմ Իմ եկեղեցին» (Մատթեոս ԺԶ 18): Այստեղ հստակորեն ասվում է, որ Տերը ցանկանում է Իր եկեղեցին կառուցել ժայռի պես ամուր, կարծր ու անսասանելի հիմքի վրա: Եկեղեցին, այս համարը մեկնելով, ասում է, որ Տիրոջ մատնանշած «վեմ»-ը Պետրոս առաքյալի հավատն է:
Այստեղ, վստահաբար, մի անխուսափելի հարց է առաջանում. ինչպե՞ս էր հավատում Պետրոսը, որ բոլոր առաքյալներից հենց նրա հավատը վերածվեց Քրիստոսի նորաստեղծ եկեղեցու հիմքի: Պատասխանը շատ պարզ է. Պետրոսը հավատում ու խոստովանում է. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս ԺԶ 16): Նա իր հավատի համար որպես մեկնակետ դարձնում է առաջին հերթին Հիսուս Քրիստոսին ճշմարիտ Աստված ճանաչելը, որն էլ տրվում է Երկնավոր Հորից (Մատթեոս ԺԶ 16), ու միակ ճշմարիտ ճանապարհն է Որդուն առաքող, Անտեսանելի ու Ամենակալ Հոր ճանաչման համար (հմմտ. Հովհաննես ԺԴ 7): 
Մարդու Որդու կյանքի առաջին օրից սկսվել և միայն Երկրորդ գալստյամբ ու դատաստանով է ավարտվելու Աստծո եկեղեցու ամբողջական կառուցումը: Այսօր էլ եկեղեցու բոլոր անդամները շարունակում են կառուցել Աստծո Մարմինը և Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնալ դեպի կատարելություն: Իսկ ինչպե՞ս են բոլոր անդամները  մասնակցում այս կառուցման գործընթացին: Պողոս առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք» (Ա Կորնթացիներ Գ 16): Այսինքն, յուրաքանչյուր մարդ մի օր սկսում և իր ամբողջ կյանքի ընթացքում կառուցում է իր հոգու տաճարը, որտեղ բնակվում է Աստծո Հոգին (հմմտ. Ա Կորնթացիներ Գ 16) և պարտավոր է այդ տաճարը ևս կառուցել ամուր հիմքի՝ Պետրոսի հավատի վրա: Եթե չունենա այդ վեմը, կնմանվի այն հիմար մարդուն, որ իր տունը կառուցում է ավազի վրա և երբ փորձության է հանդիպում, անմիջապես գայթակղվում, կործանվում է (հմմտ. Մատթեոս Է 24-27):
Այս ամուր հիմքի վրա կառուցելը, սակայն, չի նշանակում ակնթարթորեն կատարյալ լինել, այլ՝ կրկին Պետրոսի նման անկումներով ու վերելքներով ձգտել կատարելության, քանզի այս ճանապարհին յուրաքանչյուր տոկացող, Պետրոսի նման Տիրոջը բազմիցս «ուրանալով», չպետք է հուսահատվի ու նմանվի իրեն կախող մատնիչ Հուդային (հմմտ. Մատթեոս ԻԷ 5), այլ պետք է Վեմի օրինակով դառնապես լաց լինի (տե՜ս Ղուկաս ԻԲ 56-62), իր արցունքներով սրբի մեղքերը և կրկին ոտքի կանգնի ու հաստատվի ամրակուռ հավատի վրա: Իսկ այդ ճշմարիտ հավատն ու դարձը կյանքում և կենցաղում վկայելով` բարի ու աստվածահաճո գործերով պտղաբերելն է, քանզի. «Գործերով հավատը կատարյալ դարձավ» (Հակոբոս Բ 22):

 
Էլմիրա ՍԱՀԱԿՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

qahana.am