Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու թույլտվությունը

Որոշումը կայացրել է երկրի Ռազմավարական ապրանքների հարցերով տեսչությունը (ISP)

Շվեդիան հետ է կանչում Թուրքիային ռազմական տեխնիկա մատակարարելու բոլոր գործող թույլտվությունները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, որոշումը կայացրել է երկրի Ռազմավարական ապրանքների հարցերով տեսչությունը (ISP):

«Կա երկու գործող թույլտվություն, որոնք չեղարկվում են»,- հայտարարել է ISP-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կառլ Յուհան Վիսլանդերը:

Վերջինս չի մեկնաբանել, թե ինչ թույլտվությունների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ համապատասխան ընկերությունները տեղեկացվել են:

Նշվում է, որ Թուրքիային շվեդական զենքի մատակարարման ծավալը մեծ չէ: 2017-ի ապրիլից ի վեր արտահանման ոչ մի նոր արտոնագիր չի հաստատվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժի սկսած ռազմարշավից հետո մի շարք երկրներ արդեն հայտնել են Թուրքիային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին: Դրանց թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Չեխիան և Նիդեռլանդները: