Բալասանյանը հերքում է Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Երդվում եմ, նման բան չի եղել

Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ապրիլյանի ժամանակ վառելիք չի եղել տանկերի մեջ, իրականությանը չի համապատասպանում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

«Թող Կարեն Կարապետյանն իմ ներկայությամբ ասի, թե որտեղ, որ տեխնիկայում վառելիք չի եղել: Նա իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է արել: Երևի հիմք է ընդունել ինչ-որ մեկի ասածը:Երդվում եմ, որ նման բան չի եղել»,-ասաց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե զինվորներն ուտելիք չեն ունեցել, խոտ են կերել, Բալասանյանը նշեց, որ սուտ են խոսում:

Բալասանյանի խոսքերով, եթե ապրիլյանի ժամանակ ժողովրդի կողմից որևէ բան չուղարկվեր սահման, ՊԲ-ն ունեցել է սնունդը, որպեսզի զինվորները սնվեն. «Դիրքերում սնունդ ու զինամթերք եղել է: Ով է ասել, որ խոտ են կերել: Նման բան ասող ծնողը թող գա ու ասի, թե որտեղ է նման բան եղել: Ես ծախսերը կհոգամ, թող գան ու ասեն, թե որտեղ են այդ տղաները ծառայել, որ դաշտից են խոտ կերել»:

Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովում հանձնաժողով ստեղծելն էլ Բալասանյանն անիմաստ է համարում՝ նշելով, որ քրեական գործեր կան հարուցված. «Պետք է այդ գործերի շրջանակներից դուրս որևէ բան չանել: Կարող են ՊՆ բազայի վրա անկախ հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել բացերը, որոնք բերել են պատերազմական վիճակի: Իսկ հիմա հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, ով Մարտի 1-ի մասով փաստահավաք խումբ է ղեկավարել, սակայն մինչև այսօր որևէ անուն չի տվել, թե ով է կրակել այդ 10 մարդկանց վրա: Դա՞ է իր աշխատանքը»: