Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց դատական նիստն անցկացնել հիվանդանոցում

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն հայտարարեց, որ դեռևս չեն ստացել Գրիգորյանի նկատմամբ նշանակված համալիր դատաբժշկական փորձաքննության արդյունքները

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում միջնորդեցին դատական նիստերն անցկացնել արտագնա՝ «Նաիրի» ԲԿ–ում՝  հաշվի առնելով, որ Գրիգորյանն առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ դատարան։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ բժիշկներն արգելել են իր պաշտպանյալին տեղափոխել դատարան։

«Քանի որ դուք արդարադատություն եք իրականացնում, ես միջնորդում եմ, որպեսզի գնանք ու հենց հիվանդանոցում դատական նիստ անցկացնենք։ Անձը չի ներկայանում, որովհետև քայլելու, շնչառության հետ կապված խնդիրներ ունի։ Ես միջնորդում եմ, որ գնանք ու արդարադատություն իրականացնենք հիվանդանոցային պայմաններում»,-ասաց փաստաբանը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն հայտարարեց, որ դեռևս չեն ստացել Գրիգորյանի նկատմամբ նշանակված համալիր դատաբժշկական փորձաքննության արդյունքները, հետեւապես չգիտեն, տվյալ անձն ի վիճակի՞ է մասնակցելու դատական պրոցեսին, թեէ ոչ։ Այսպիսով դատարանը որոշում կայացրեց միջնորդության քննությունը հետաձգել, մինչև գործով էական հանգամանքների պարզումը։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: