Իհարկե, թագավոր լինելը լավ բան է, բայց անգամ թագավորներն են պարտավոր Աստվածաշնչից ճշտված մեջբերումներ անել

Այդպես անենք, որպեսզի ժողովուրդն ապրի և ոչ թե հիմարացվի, այդպե'ս ապրենք և ունենանք Հոգևոր Փառահեղ Հայաստան, որտեղ Քրիստոս է Թագավորում, ուր իշխանավորները Քրիստոսի ծառաներն են և ոչ թե հակառակորդները կամ Նրա դեմ պիղծ օրենքներով ապստամբելու ելածները

 

"ԻՐԱՏԵՍԻ" ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ԽՈՍՔԸ, ՈՐ ՏԱ ԱՍՏՎԱԾ, ԱՌԱՎԵԼ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԻ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ

''Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, և որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած'': ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6
ՑԱՎՈՔ, ՎԱՐՉԱՊԵՏԻ "ՏՆՏԵՍԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ" ԸՍՏ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ Է ԵՒ ԸՍՏ ԱՐԴԵՆ ԴՐՎԱԾ ԱՆԵԾՔԻ ԵՒ ՈՉ ԹԵ,ԸՍՏ ԱՍՏԾՈ ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀՈԳԵՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ

Իհարկե, թագավոր լինելը լավ բան է, բայց անգամ թագավորներն են պարտավոր Աստվածաշնչից ճշտված մեջբերումներ անել: Եթե ոչ, ապա կստացվի վարչապետի մեջբերման արդյունքը, թե ''Աստված Աբրահամին դուրս հրավիրելով դրախտից ասել է՝ քո հացը քո քրտինքով պետք է վաստակես. Նիկոլ Փաշինյան'': Երբ Ադամը ո~ւր, Աբրահամը ո~ւր: Ցավոք, խնդիրը ավելի լուրջ է, քան կարծում ենք, քան այս տարօրինակ շփոթմունքը, որովհետև չենք կարծում թե չգիտեր, և որ` սատանան խճճեց: Եվ համացանցն ու հեստացույցն էլ բազմապատկեցին, թե դրախտից Աբրահամն է վռնդվել: 
Լուրջ խնդիրը ասելիքի մեջ է: 
Որովհետև Ադամին Աստված դրախտից դուրս վռնդելով երկիր և ասելով, թե այսուհետև քո ճակատի քրտինքով քո հացը վաստակես, այդպես` պատժե'ց Ադամին, ո'չ թե օրհնեց: Պատժե'ց` նրա ու նրա կնոջ հանցանքի համար: Պատժե'ց նրանց` անմահության ժառանգությունից զրկելով և դրախտի միջավայրից վռնդելով քարքարոտ երկիր: Պատիժը երբևէ օրհնանք չէ: Այլ որ` հնազանդությամբ կրես, ապաշխարես, կրկին արքայական ժառանգությանդ արժանանալու: Իսկ երկրում, ուր վտարվեց, անմահության համար ստեղծված մարդը, ադամական մեղքով սերընդեսերունդ դարձավ ավելի քիչ տարիների կյանքով, քան առաջին ծնունդներն էին, որովհետև դեպի Արարիչ ետ դառնալու փոխարեն, մեղքը կրճատելու փոխարեն, դրանք ավելի ու ավելի բազմացրեց: Դառը քրտինքով աշխատում էր, հաց էր վաստակում, ուտում էր իր քրտինքի պտուղն ու ապա մեռնում: Մինչդեռ, ըստ հոգևոր էության` կոչված էր լինել Աստվածազարմ, որ նշանակում է` Տեր բնության և նաև իշխող մահին: Ուստի ''Քրտինքով հաց վաստակելու'' Տնտեսական հեղափոխությունը Աստծո անեծքն է երկրորդում, ապա և այդպես մեջտեղից հանել-վերացնել, մոռացնել տալ է սպառնում Բանական մարդուն փրկելու եկած Քրիստոսին, որ քրիստոնյային Հոգու շնորհներով դեպի Հավիտենություն, դեպի Դրախտ վերադառնալու Միակ հենարանն է` Աստծո Խոսքի հացի ճաշակում նրան տալով: Եվ, ցավոք, այսօր Բելիարի չար նախանձով, Բանական մարդու վերացման նեռ ծրագրերով, առաջ է գալիս մարդ-կենդանին, մարդ-ռոբոտը, որ հանուն հաց ուտելու նպատակի և հանուն կորստական ունեցվածքի, այլասերման զվարճանքներով հիմարացվում է, որպեսզի... հավիտենական կորստին դատվի: Սակայն հիշենք և հիշեցնենք, որ դեպի դրախտ վերադառնալու ճանապարհը և հացի խնդրի ճշմարիտ լուծումը Հիսուս արդեն տվել է ''Լեռան քարոզում'': Մեջբերենք Քրիստոսի, նույնն է թե մարդասեր Արարչի այդ Դասը ամենքիս, նաև` խոտոր զվարճանքների խայծը կուլ տվող իշխանություններին:
«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը: 26 Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. և ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք: 27 Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 28 Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հիւսում: 29 Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման: 30 Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ և վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն ևս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր: 31 Այսուհետև հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, 32 որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է: 33 Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը և նրա արդարութիւնը, և այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ: 34 Այսուհետև հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետև վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»: 
Իսկ ինչպես պիտի հասնենք այդ արդյունքին, նախ հոգևոր հացը նախադասելով, որով նաև, արդեն երկրորդ կշռույթով` մարմնավորն է պայմանավորված: Նարեկն օրինակ, որպես Հոգևոր հաց` բժշկում է հոգին, և հոգու բժշկմամբ մարմինն էլ է բժշկվում: Ուրեմն նախը` հոգևոր հացն է: Իսկ հոգևոր առաջնակարգ հացը` Փրկության Ավետարանը:
''ՅԻՍՈՒՍ՝ ԿԵՆԱՑ ՀԱՑ
22 Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել: 23 Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել: 24 Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ և ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին և եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու: 25 Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: 26 Յիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք: 27 Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, և որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: 28 Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: 29 Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: 30 Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք և հաւատանք, ի՞նչ գործ կը գործես: 31 Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. "Երկնքից նրանց հաց տուեց ուտելու"»: 32 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33 որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կեանք է տալիս աշխարհին»: 34 Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: 35 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, և ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: 36 Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք և չէք հաւատում: 37 Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, և ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38 որովհետև ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց:
39 Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: 40 Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն և հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. և ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»:

Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը: 42 Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: 43 Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. 44 ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ: 45 Մարգարէների գրքերում գրուած է. "Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն": Ամէն ոք, որ լսում է Հօրից և ուսանում է, գալիս է դէպի ինձ: 46 Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը: 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: 48 Ես եմ կենաց հացը: 49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: 50 Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52 թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի'' /ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6/

Այսինքն. եթե մարդուն չենք առաջնորդում Ստեղծողի Կամքով ապրել, ապա ինչ հրաշալի միջավայր ու պայմաններ էլ դնենք նորօրյա-ռոբոտացվող կամ անասնացող մարդու տրամադրության տակ, կավերի դրանք, կապականի, հարմարեցնելով իր թերհաս կամ մոլորված վիճակին, և կսկսի կործանվել: Մինչև որ լրիվ ոչնչանա:
Խոսքս ավարտեմ իմ ''Հոգևոր Նժդեհը'' գրքից` այս հատվածով.
«ԱՄԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԽՂՃՄՏԱՆՔԻՑ», ասում է մեծ Նժդեհը։ 
Որովհետև մարդու մեջ խղճմտանքի ներկայությունը Աստծո ներկայությունն է մարդու մեջ՝ հեթանոսների համար, Պողոս առաքյալի միջոցով ուսուցանում է մեզ Սուրբ Գիրքը։ Եվ հեթանոսները Աստծուն, որպես ըմբռնվող իրողություն՝ պատկերացնում են մարդու մեջ եղած Աստծո հեղած խղճմտանքի չափ ու տեսակից, որովհետև նման խղճմտանքն այլ տեղից չի ծագում։ Եթե ոչ, կովին ծաղիկ նվիրես՝ կուտի, եթե խոզին՝ ոսկու շեղջեր տաս՝ իր աղբի հետ կխառնի և կկոխկրճի: Իսկ եթե մարդանման խոզ է, ապա տվածդ բանավոր ոսկիները ուտելով կկատաղի ու շուռ գալով քո դեմ, ''կպատառոտի քեզ''։ Եվ շնություն սիրող մարդուց արդյունքում լավ բան երբևէ չես սովորի, քանի որ. «Շունն իր փսխածին է կրկին դառնում», չկասկածելով, որ կերածը վտանգավոր էր կյանքի համար, այդ պատճառով էր, որ փսխեց կամ անբնական, ագահությամբ ուտելուց էր, որ փսխեց: ''Երկիրը չի բարեփոխվի, եթե սոցիալական բարեփոխում կատարենք'', ասում է Նժդեհը. 
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է։ ՕՐԵՆՔԸ ՓՈԽԵԼԷ ԱՌԱՋ, ՓՈԽԻՐ ՄԱՐԴԸ», շարունակում է ուսուցանել մեծ Նժդեհը (ՆԺԴԵՀ. հտ. 1ին)։ 
Թվում է՝ Սահմանադրության արմատական 1/3ը Նժդեհյան այս մեկ նախադասության վրա պիտի հենվի, որ երկիրն առողջանա։ Եվ սուրբ և ճշմարիտ է այդպես անել: Բարոյական չէ, եթե ոմնաց դրամի ու կեղծ բարեկեցության խոստման դիմաց կեղծ օրենքներ են սարքվում, որ իրենց ներքինով խորապես անբարոյական են: Օրինակ, այսօր իսկ դրսի ուժերի կողմից միասեռականությունն ընդունել տալու, օրենսդրելու պնդումը Հայոց խորհրդարանին, մեր ժողովրդի ոսկյա ձեռքբերումները ապականել-արատավորելու որս չէ՞ միթե: Բնականաբար: Իսկ մեղքեր օրենսդրելու անօրենությունը կամ մեծ ապստամբությունը Աստծո դեմ` նախկին ու ներկա սորոսակեր կամ ԵՄ-ակեր իշխանությունների միջոցով, միայն միասեռականների խնդրով չէ, այլ, ցավոք, արդեն այդ խնդիրները բազմաթիվ են և ահռելիորեն ավելի են բազմանում:
Ուստի ոչ թե ''տնտեսական- մեքենայական նոր անեծք'' պիտի որոնենք, այլ, դեպի ճշմարիտ բարենորոգման համար Քրիստոսի տված այս բանալին գործադրողներս գործադրենք. ''Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը և նրա արդարութիւնը, և այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ'': Ընդ որում կտա շնորհների քաղցրություններով և ո'չ թե դառն քրտինքով: /Լեռան քարոզ/:
Այդպես անենք, որպեսզի ժողովուրդն ապրի և ոչ թե հիմարացվի, այդպե'ս ապրենք և ունենանք Հոգևոր Փառահեղ Հայաստան, որտեղ Քրիստոս է Թագավորում, ուր իշխանավորները Քրիստոսի ծառաներն են և ոչ թե հակառակորդները կամ Նրա դեմ պիղծ օրենքներով ապստամբելու ելածները:
Գիտենալով անգամ, որ բարկացավ, շուռ կգա իրենց դեմ: 
-Աստվա'ծ, բարի մշակներ բարձրացնես և առատացնես Հայաստանում, որ Հոգևոր Հաց բաժանեն: 
-Առաջնորդե'ս և միաբանե'ս Քո ժողովրդին:
-Քո' Թագավորությունը գա երկրի վրա, ինչպես որ Երկնքում է:
Ամե'ն:
Մաքսիմ Ոսկանյան