Պետք է կանխենք Հայաստան-Արցախ հարաբերությունների սրումը. Կիրո Մանոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին

Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ

Մենք միշտ հայտնել ենք մեր մտահոգությունը, որ եւ Հայաստանից, եւ Արցախից չլինեն այնպիսի հայտարարություններ, ելույթներ, որ ընդհանրապես մթնոլորտը, հարաբերությունները սրում են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցին, որտեղ վերջինս մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել:

«Լավ մթնոլորտ չի լինի, եթե մենք ունենանք երկու հանրապետությունների միջեւ լարվածություն, որը կարող է տանել նույնիսկ մեր հասարակության պառակտմանը: Պետք է դա կանխենք: Դա չի նշանակում, որ Վիտալի Բալասանյանի ասածը անպայման միայն այդպիսին ենք համարում»,-ասաց Մանոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Livenews.am-ին, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արեւմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, եւ Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ»,-ասել է Բալասանյանը եւ ընդգծել է, որ Հայաստանը բռնազավթված է եւ Արցախը դիմակայելու է դրան, որի փորձն ունի:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաեւ՝ իրեն եւ իր նմաններին. «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թեւ, կարող եմ մի փոքր հրաման տալ, եւ «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն»,- ասաց նա:

Բալասանյանը նշել է, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանն է եւ իր կողմնակիցները: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: Երբ 2016 թվականին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք: Հիմա հայտարարում եմ՝ բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Նրանք, որոնք փորձեն ոտնձգություն իրականացնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, թե սահմանների. Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում:

Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- եզրափակել է Բալասանյանը: