Կառավարությունը 100 հազար դոլար է տվել Փաշինյանի ընկերոջ հրատարակչությանը. politik.am

Նա նաև հիմա է իր ընկեր Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս հիացմունքով խոսում Սերժ Սարգսյանի մասին

 

Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները շարունակում են պետական միջոցները տարբեր նպատակներով փոխանցել իրենց ընկերներին և մտարիմներին պատկանող ընկերություններին: Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը 48 մլն 900 հազար դրամ է փոխանցել Անտարես ընկերությանը, որպեսզի նրանք գտնեն արտաքին գովազդի վահանակներ, որոնց վրա պետք է քարոզչական նյութերի տեսքով հայտնվի վարչապետ Փաշինյանի բանաստեղծություններից տողեր: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Ֆակտոր լրատվականի հետ զրույցում ասել էր.«Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկերն է: Նրանք միասին եղել են ՀԱԿ դաշինքի անդամ: Տարբեր ժամանակներ միևնույն ցուցակով մասնակցել են ընտրական պրոցեսների: Արմեն Մարտիրոսյանի ընկերությունն է հրատարակել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը:

Պետք է նկատել, որ կառավարությունը 100 հազար դոլարի հասնող պետական միջոցը վարչապետ Փաշինյանի ընկերոջ ընկերությանը տվել է առանց մրցույթի: Սա իր մեջ հստակ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս գործելակերպը արդեն ավանդույթ է դարձել կառավարության համար: Պետական նշանակության տոների կազմակերպումը ևս տրվում է կառավարության այս կամ այն անդամի հետ կապ ունեցող մարդկանց պատկանող ընկերությունների և կրկին առանց մրցույթի:

Ի դեպ Արմեն Մարտիրոսյանը իրեն վատ չէր զգում նաև Փաշինյանի կողմից մերժված Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: ՀՀԿ-ական իշխանության տարիներին նա անգամ շշմած էր Սերժ Սարգսյանի կարողություններով: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հիացմունքով էր խոսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից.«Ես շշմած էի, որ Սերժ Սարգսյանը կարողանում է այսպիսի գրականագիտական վերլուծություն անել»,-ասել էր Մարտիրոսյանը:

Հետաքրքիր է, նա նաև հիմա է իր ընկեր Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս հիացմունքով խոսում Սերժ Սարգսյանի մասին, թե հիմա նա հիանում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գրականագիտական վերլուծություններով»:

politik.am