Ես չեմ պայքարում, ես իմ աշխատանքն եմ անում. Հրայր Թովմասյան

Ես ինչ ունեմ, բավարար է, եթե հետևեք հայտարարագրին, իմ եկամուտները քչացել են

Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ կարճատև արձակուրդ է վերցրել գործի անաչառ քննության համար:

«Ես մտածեցի, որ անգամ իմ ֆիզիկական ներկայությունը, նստել և ոչինչ չասել չէր ստացվի, անգամ եթե քեզ է վերաբերում, ևս խնդիր է, իսկ ՍԴ-ն չունի ընթացակարգ, որ այս նիստին կարող եմ չմասնակցել: Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, դա, կարծում եմ, ճիշտ չէր լինի»,-նշել է նա:

Ըստ Թովմասյանի՝ վարույթ  ընդունվելու դեպքում ավտոմատ կկասեցվեն իր  լիազորությունները: Հարցին, թե մինչև վերջ պայքարելու է ՍԴ նախագահի պաշտոնում մնալու համար, Թովմասյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում պայքարել, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն են անում, գնում եմ տուն»:  

Դիտարկմանը, թե վերջերս Մոսկվա գնացել էր անձնակա՞ն, թե աշխատանքային նպատակով, Թովմասյանը նշեց՝ անձնական. «Կապված էր տղայիս սպորտային առողջության հետ, ուներ սպորտային տրավմա»:

Հարցին, թե ի վերջո ե՞րբ  կհեռանա ՍԴ-ից, նա պատասխանել է. «Երբ որ կլրանա իմ պաշտոնավորման ժամկետը: Երբ որ իրավական առումով ընթացակարգը կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»:

Անդրադառնալով ունեցվածքի վերաբերյալ հայտարարություններին և, մասնավորապես, նրան, որ չի հայտարարագրել՝ ՍԴ նախագահը նշել է, որ ամենն, ինչ ունի, հայտարարագրված է: Դիտարկմանը, թե խոսքը ոչ թե նրան է վերաբերում, այլ իրեն փոխկապակցված անձանց, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Իմ կնոջ քույրը, եղբայրը, հորեղբայրը, քեռու տղաները այն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում և թե՛ ՀՀ-ից դուրս ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակ գույքեր են ձեռք բերել, եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն ես տարածաշրջանում ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ: Ես ինչ ունեմ, բավարար է, եթե հետևեք հայտարարագրին, իմ եկամուտները քչացել են: Մինչև պաշտոն ստանձնելն ունեցել եմ հայրական տուն, ունեցել եմ երեք բնակարան և մեկ առանձնատուն, որոնցից երկու բնակարանը և մեկ առանձնատունը վաճառվել է և գնվել է մեկ բնակարան»,-նշել է նա: