Վենետիկի հանձնաժողովի վերջին շրջանի գործունեությունում մասնագիտական հետևողականության և վճռականության պակաս է նկատվում

Ասվածի համատեքստում մտահոգիչ է, որ Կառավարությունը հավանության չի արժանացնում խորհրդարանի պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք անվերապահորեն հետապնդում են կոնվենցիայի հնարավոր ոչ համարժեք մեկնաբանություններից բխող զարգացումները կանխել

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց ՀՀ իշխանություններին Վենետիկի հանձնաժողովը թույլատրելու է ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկել:

168.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը նշեց, որ ԵԽ այդ հիրավի հեղինակավոր խորհրդատվական մարմնի՝ վերջին շրջանի գործունեությունում ակնհայտ նկատվում է մասնագիտական հետևողականության և վճռականության պակաս:

«Ինձ, մասնավորապես, անչափ զարմացրեց 2018 թ. հոկտեմբերին իրենց քննարկմանը ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի և, հատկապես, այն սեղմ ժամկետում կիրառելու վերաբերյալ, թերևս, անհարկի խուսափողական կարծիքը, ինչը բնորոշ չէ անգամ դիվանագիտական դասական լեզվաոճին:

Մյուս կողմից՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը կարող էր պիտանի լինել, եթե այն չսահմանափակվեր սոսկ Սահմանադրության մի քանի, նախապես միտումնավոր ընտրված և նրանց հրամցված նորմերի համադրությամբ: Եթե մենք արժևորում ենք այդ փորձագիտական կառույցի հատուկ կարծիքը, ապա հարկ էր հարցադրումներն անել առավել լայն դիապազոնով:

Այսպես՝ չէր կարելի կոնվենցիայով ներմուծվող «զուգընկերների» իրավաչափությունը դիտարկել սոսկ Սահմանադրությամբ ամրագրված «ամուսնանալու ազատության» տեսանկյունից և պնդել, թե իբր «զուգընկերների» առնչությամբ կոնվենցիան չի պարտադրում, այլ սոսկ խրախուսում է ազգային օրենսդրությունում համապատասխան փոփոխություներ կատարելը: Սակայն հարց է ծագում, թե ինչպիսի՞ն կարող էր լինել նույն Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սահմանադրության 81-րդ հոդվածով սահմանված նորմի համատեքստում, ըստ որի՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

Այլ կերպ ասած, հանրահայտ է, որ անկախ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքից՝ առաջիկայում չի բացառվում, որ միջազգային որևէ մարմին ամրագրի այնպիսի դիրքորոշումը, ըստ որի՝ պետություններին առաջարկվող տարբերակը առնվազն հարկ է պարտադիր կարգով ամրագրել ազգային օրենսդրությամբ, որպեսզի, ասենք, չխաթարվի ժամանակակից ըմբռնմամբ ընտանիքում բռնության դեմ պայքարի արդյունավետությունը: Պարզ է, որ այլևս չենք կարողանալու հղում անել Վենետիկի հանձնաժողովի խիստ վերապահումով արված եզրակացության վրա, քանի որ, Սահմանադրության համաձայն, մենք պարտավոր ենք ղեկավարվել ոչ թե փորձագիտական կազմակերպությունների, այլ բացառապես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով:

Ընդհանրապես, այս հարցով ակնհայտ է Վենետիկի հանձնաժողովից նախապես կանխատեսելի կարծիք ունենալու ձգտումը: Այս հանձնաժողովը մշտապես դեմ է արտահայտվել մեր կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների այն նորմին, ըստ որի՝ մենք ամուսնության ազատությունն ամրագրել ենք՝ որպես բացառապես կնոջ և տղամարդու միություն կազմելու իրավունք, ուստի ավելորդ անգամ նույն հարցով այդ հանձնաժողովին դիմելը, թերևս, հիշեցնում է հանրության իրավական մշակույթը վերաձևավորելու անհեռատես նկրտում: Հավելեմ, որ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքը հիրավի համալիր ու սպառիչ կլիներ, եթե վերջինիս առաջադրվեին նաև առավել առանցքային հարցադրումներ, օրինակ՝

ա) ինչպե՞ս է փոխհարաբերվում օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքը, երբ զուգընկերների համար նախատեսվում են արտոնություններ,

բ) ինչպե՞ս են երաշխավորվելու Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով ամրագրված երեխայի լավագույն շահերը՝ զուգընկերների կազմով ընտանիքներին երեխաներ որդեգրելու դեպքերում,

գ) եթե այդչափ ամեն ինչ պարզ է, ապա ինչո՞ւ է Եվրոպական խորհրդարանը ս.թ. ապրիլի 4-ին դիմել Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն, և այլն»,- մանրամասնեց նա:

Գևորգ Դանիելյանը համոզված է, որ լայն ասպեկտով հիշյալ և հարակից հարցադրումների դեպքում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը բոլորովին այլ կլիներ, իսկ այսպիսի գործելաոճն ընդամենը վկայում է ցանկալի տեսակետ կորզելու միտումի մասին:

Ըստ նրա՝ նույն եվրոպական երկրներում արդեն նկատվում են Ստամբուլյան կոնվենցիայով «խրախուսվող» նորամուծություններից հրաժարվելու անթաքույց զարգացումներ:

Արդարադատության նախկին նախարարն այստեղ հիշեցնում է՝ 2 ամիս անց Իտալիայի Կառավարությունը կտրականապես հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» դասակարգումից և վերադարձավ ավանդական «մայր» և «հայր» եզրույթներին:

«Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը մի արժեքավոր ծառայություն մատուցեց. վերջապես հստակ ընդգծվեց, որ կոնվենցիան նույն հարթության վրա է դիտարկում կնոջ ու տղամարդու միջև ամուսնությունը և «զուգընկերների» միությունը, մինչդեռ՝ քարոզիչները պնդում էին, որ «զուգընկերների» մասով մեր պնդումներն անհիմն են:

Ասվածի համատեքստում մտահոգիչ է, որ Կառավարությունը հավանության չի արժանացնում խորհրդարանի պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք անվերապահորեն հետապնդում են կոնվենցիայի հնարավոր ոչ համարժեք մեկնաբանություններից բխող զարգացումները կանխելու նպատակ»,- եզրափակեց Գևորգ Դանիելյանը: