Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան

«Վարսահարդարման, դիմահարդարման և բոլոր ոճային հարցերով զբաղվելու հմտությունները իմ առավելություններն են, որոնք Աննա Հակոբյանին ազատել են այլ աշխատողներ ունենալու ծախսից, բայց իմ մասնագիտությունն այլ է»,- հավելել է Նավասարդյանը

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճաբան-վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն ազատվել է աշխատանքից, ընդ որում, շատ կոշտ ձևով:

ert.am-ի հետ զրույցում Սոֆյա Նավասարդյանը նշեց, որ աշխատանքից հեռացել է իր դիմումի համաձայն:

«Ես աշխատանքից ազատվել եմ օգոստոսի 5-ից, իմ սեփական դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով»,- նշեց նա:

«Այն, ինչ մինչև հիմա իմ մասին գրել են, 5 տոկոսով անգամ չի համապատասխանում ո՛չ իմ գործունեությանը, ո՛չ իմ մասնագիտությանը: Վարսահարդարման, դիմահարդարման, մոդելավորման և բոլոր ոճային հարցերով զբաղվելու հմտությունները իմ առավելություններն են, որոնք Աննա Հակոբյանին ազատել են այլ աշխատողներ ունենալու ծախսից: Բայց իմ մասնագիտությունն այլ է»,- հավելեց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Սոֆյա Նավասարդյանը 2018 թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել էր վարչապետի օգնական, մինչ այդ զբաղվում էր վարչապետի և նրա տիկնոջ իմիջով: