Քնած մարդուն կացնահարած Սաֆարովին հերոսացնող ազգն ուրիշի հերոսներից ընդհանրապես իրավունք չունի խոսելու

Ի՞նչ մեսիջ հղեց Փաշինյանը Պուտինին՝ նրան գիրք նվիրելով

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համաձայն չէ հնչող այն քննադատությունների հետ, որ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից մերօրյա հերոսները չանվանարկվեին ու չքննադատվեին, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր հանդգնի խոսել Գարեգին ՆԺդեհի մասին՝ նրան անվանելով նացիստների աջակից։

«Բոլոր ժամանակներում էլ նման խոսակցություններ եղել են, ինչ է՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին չի՞ խոսվել. Չէ՞ որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էր խոսել այդ մասին, երբ դեռ սևերի և սպիտակների բաժանում Հայաստանում չկար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Քոչարյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին իր ճեպազրույցներից մեկի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Երևանում պետական ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը՝ ասելով. «Մեզ համար անհասկանալի է, ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանքը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»։

Քաղտեխնոլոգը Փաշինյանի՝ Ալիևին տրված պատասխանը դրական է գնահատում, սակայն նշում, որ այն կարելի էր նաև հավելել հետևյալով.

«Այդ պահին կարելի էր նաև շեշտել, որ քնած մարդուն կացնահարած Սաֆարովին հերոսացնող ազգն ուրիշի հերոսներից ընդհանրապես իրավունք չունի խոսելու»։

Խոսելով ՀՀ վարչապետի՝ ՌԴ նախագահին նվիրած գրքից՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը մեսիջ էր աշխարհին և առաջին հերթին՝ հենց Մինսկի խմբի համանախագահող երկրին։

«Դա մեսիջ էր առ այն, որ Ղարաբաղի հարցը պետք է խաղաղ լուծվի։ Վերջին 10-15 տարիներին Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնում է և՛ հայտարարություններով, և՛գործողություններով, իսկ Փաշինյանը մեր ռազմավարական դաշնակցին այդ մեսիջը հղեց՝ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց  նա։