ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի մասին Արսեն Թորոսյանի հայտարարությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին նշեց, որ իրենք ակնհայտորեն տեսնում ենք իրենց հայտարարությունների կապը այլ գերատեսչության ղեկավարի դրույթների հետ

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների կողմից տարբեր հարթակներում արվում են որոշակի հայտարարություններ, որոնք պարզապես կոչված են որոշակի լարվածություն ստեղծել համալսարանի շուրջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին:

«Սա, կարծում եմ, արդեն հստակ քաղաքականության տեսք ունի, որովհետև ոչ եզակի դեպքեր ենք արձանագրում»,-ասաց նա:

Հարցին` ի՞նչ է նշանակում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի այլ կազմ էր ուզում ձևավորել, բայց ստացավ այլ կազմ, Վահան Արծրունին պատասխանեց. «Սա նշանակում էր պաշտոնեական դիրքի չարաշահում նախ և առաջ, որովհետև ԵՊԲՀ-ն գտնվում է այլ գերատեսչության տիրույթում՝ ոչ թե Առողջապահության նախարարության, այլ ԿԳՄՍ նախարարության: Երկրորդ` ես ուղղակի կապ եմ տեսնում Առողջապահության նախարարի և հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների հայտարարությունների միջև: Արդյո՞ք հոգաբարձուների խորհրդի այն անդամները, որոնք այսօր հայտարարում են Բժշկական համալսարանի «խնդիրների» մասին, խոսում են ի օգուտ Բժշկական համալսարանի, որովհետև մենք ակնհայտորեն տեսնում ենք իրենց հայտարարությունների կապը այլ գերատեսչության ղեկավարի դրույթների հետ»:

Հոգաբարձուների խորհրդի կազմը բաղկացած է 32 անդամից, 16 հոգին առաջադրված է համալսարանի կողմից, 16-ը` կառավարության կողմից, և Վահան Արծրունին` որպես հանրային ներկայացուցիչ: