Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հանրային ռադիոն ձայնագրել է կոմպոզիտորի ստեղծագործությունների 180 կատարում

Նախագծի գեղարվեստական խորհրդատու Վահան Արծրունին, անդրադառնալով նախաձեռնության կարևորությանը, ասաց, որ իրենք Կոմիտասի գործերը ներկայացրել են ոչ միայն բնագրային տեսքով

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հանրային ռադիոն ձայնագրել է կոմպոզիտորի ստեղծագործությունների 180 կատարում, 9 ժամ երաժշտություն, որն օգտագործվում է Հանրային ռադիոյի եթերում: Որպես արված աշխատանքի ծաղկաքաղ՝ Հանրայինը թողարկել է «Կոմիտաս 150 տարի / րոպե» բացառիկ եռասկավառակ ալբոմը:

Ձայնասկավառակի շնորհանդեսը  տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Հանրային ռադիոյի բակում: Միջոցառմանը ելույթ ունեցան ալբոմի ձայնագրությանը մասնակցած կատարողներն ու համույթները:

«Այս տարվա ընթացքում վերաբացված «Ռադիո» ձայնագրման ստուդիայում ձայնագրել ենք Կոմիտասի ստեղծագործությունները եթերում օգտագործելու, դրանք այլ ձևաչափերով տարածելու համար: Ինըժամյա երաժշտությունից 150 րոպեն ընդգրկել ենք այս ձայնապնակում»,-պատմեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը:

Նախագծի գեղարվեստական խորհրդատու Վահան Արծրունին, անդրադառնալով նախաձեռնության կարևորությանը, ասաց, որ իրենք Կոմիտասի գործերը ներկայացրել են ոչ միայն բնագրային տեսքով, այլև բոլոր ստեղծագործական դրսևորումներով, որոնք տասնամյակների ընթացքում եղել են:

«Այս նախագիծը  ոչ միայն ակադեմիական երաժշտության դաշտն է ներառում, այլև ազգային, կամերային, երգչախմբային, մեներգային, ֆյուժն: Ցանկացած դրսևորում, որը կա կոմիտասյան երաժշտության մեջ, սկավառակում կարող ենք լսել»,-ընդգծեց Արծրունին:

«Ձայնապնակի վրա պատկերված է Կոմիտասը: Ընդգծել ենք նրա քաղաքացիական խրոխտ, հզոր կերպարը: Երբ բացում ենք եռասկավառակը,  մի սկավառակի վրա տեսնում ենք եկեղեցին, մյուսի վրա կռունկը, երրորդի վրա` ծիրանի ծառը: Յուրաքանչյուր սկավառակ սկսում է վերոնշյալ ստեղծագործություններով: Երբ սկավառակները հանում եք պատյանից, տեսնում ենք Կոմիտասի ստորագրությունը»,-ներկայացրեց նախագծի պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանը:

Նա շեշտեց, որ սկավառակը բաժանվելու է բոլոր երաժշտական դպրոցներին, մշակութային կրթօջախներին, գրադարաններին: Այն չի վաճառվելու: