ԱԱԾ–ն «Վանեցյանաբուծարան» է. Վարուժան Ավետիսյան

Եղել է քաղցկեղ մեր ազգային օրգանիզմի վրա եւ կմնա քաղցկեղ ու ի վերջո կկործանի մեր պետականությունը

Մենք ունենք ժողովրդի կամքով ընտրված իշխանություն եւ կա հնարավորություն կազմաքանդելու ԱԱԾ անվամբ՝ օտարին ծառայող այդ համակարգը, վերջապես մաքրելու, զտելու այն եւ դրա փոխարեն ստեղծելու Անվտանգության ազգային մարմինների համակարգ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում սա ամենակարեւոր հարցն է, որ պետք է լուծվի։

«Մենք երկար ժամանակ ասում էինք, որ դավադրություն է հասունանում, որ ռեվանշ են պատրաստվում իրականացնել, խժդժություններ կարող են կազմակերպել, որ պետությունը կործանելու, Արցախն անջատելու, մեր ինքնիշխանությունն օտարին զիջելու ուղղղությամբ համակարգված քայլեր կատարել, կարծես թե անուշադրությոն էր մատնվում, բայց տեղի ունեցան իրադարձություններ, որ ապացուցեցին դա։ Ես նկատի ունեմ եւ Վանեցյանի անձով երեվակված դավադրական պլանը, եւ Վիտալի Բալասանյանների տարաբնույթ գրոհային ձեռնարկումները մեր պետության, մեր ազգի, մեր պետական ինստիտուտների նկատմամբ»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի հետեւում կանգնած է ԱԱԾ–ն։

«Այդ կառույցը պատկերավոր ասած «Վանեցյանաբուծարան» է։ Հնարավոր չէ այն, որպես ամբողջություն պահպանելու եւ չմաքրելու, չզտելու պարագայում, այնպես անել, որ ծառայի մեր ազգի շահերին, դա բացառված է։ Եղել է քաղցկեղ մեր ազգային օրգանիզմի վրա եւ կմնա քաղցկեղ ու ի վերջո կկործանի մեր պետականությունը»,– ասաց Ավետիսյանը։

Պատասխանելով՝ լրագրողների հարցերին Ավետիսյանն անդրադարձավ նաեւ ներկայիս խորհրդարանի աշխատանքին՝ այն գնահատելով խիստ անբավարար։

«Խորհրդարանի աշխատանքը գնահատում եմ ոչ արդյունավետ, ոչ կամային եւ ոչ մասնագիտական, բավարարության տեսակետից՝ խիստ անբավարար»,- եզրափակեց նա։