Զելենսկին 14 ժամից ավելի պատասխանել է լրագրողների ավելի քան 500 հարցի

Հարցերին անկեղծ է պատասխանել, «սակայն որոշներին, հավանաբար, ոչ այնպես, ինչպես ոմանք կցանկանային»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի մարաթոնը տեւել է 14 ժամից ավելի: Այս մասին վկայում է միջոցառման առցանց հեռարձակումը: Նշվում է, որ ուկրաինացի առաջնորդը լրագրողների հարցերին պատասխանել է առավոտյան 10.00-ից:

Մամուլի ներկայացուցիչների հետ Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Kyiv Food Market-ում: Հստակեցվում է, որ սա Ուկրաինայի նախագահի առաջին պաշտոնական ծավալուն մամուլի ասուլիսն էր:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մամուլի մարաթոնի ժամանակ պատասխանել է ավելի քան 500 հարցի: Նա այս մասին նշել է իր ֆեյսբուքյան էջում:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի ղեկավարի մասնակցությամբ մամուլի ասուլիսին ներկա էր 300 լրագրող: «Դրանք գլխավորին առնչվող հարցեր էին: Բոլորին պատասխանել եմ»,- Զելենսկին այսպես է մեկնաբանել մամուլի մարաթոնը:

Նա նշել է, որ հարցերին անկեղծ է պատասխանել, «սակայն որոշներին, հավանաբար, ոչ այնպես, ինչպես ոմանք կցանկանային»: Զելենսկին նաեւ շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին եւ լրագրողներին: