Վեց սովորություն, որոնք կօգնեն նիհարել ու խուսափել քաշի ավելացումից․ Գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ավելորդ քաշից ազատվելու կամ քաշը նորմայի սահմաններում պահելու համար մարդիկ հաճախ բավական լուրջ ջանքեր են գործադրում, մինչդեռ կան ամենօրյա սովորություններ, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքին առանց մեծ ջանքերի: Live24.am-ի հետ զրույցում Գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը ներկայացնում է վեց սովորություն, որոնք կպաշտպանեն ձեզ ավելորդ քաշից:

Առողջ քուն

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասի հետևանքով մարդիկ գիրանում են, ինչը պայմանավորված է ոչ լիարժեք քնի պարագայում սոմատոտրոպ հորմոնի սինթեզի խանգարումով։ Սոմատոտրոպ հորմոնը, որը վաղ տարիքում ապահովում է մարդու աճը, հասուն տարիքում, խորը քնի ժամանակ, ապահովում է  ճարպերի ճեղքումը՝ միջինը 100-ից 150 գրամ։ Հորմոնն ակտիվ է արտադրվում 23։00-ից մինչև գիշերվա 3։00-ն, ինչի պատճառով էլ խորհուրդ է տրվում, որ մարդը քնի 23։00-ից ոչ ուշ՝ օրական 8-9 ժամ:

Արևային լույս

Շատերն արթնանալուց հետո խուսափում են վառ լույսից, սակայն գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունենալու համար մարդը պետք է հնարավորինս շատ լույս ստանա: Բանն այն է, որ արևային լույսն ակտիվացնում է նյութափոխանակությունն ու կալորիաների այրման գործընթացը: Ընդ որում՝ անգամ 20-30 րոպե բնական լույս ստանալն արդեն իսկ դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա, ուստի հարկավոր է բացել պատուհաններն ու միացնել լույսերը:

Քաշի վերահսկողություն

Հաճախակի քաշը ստուգելու սովորությունը շատ արդյունավետ ռազմավարություն է ավելորդ քաշի դեմ պայքարում: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում կշռվել ամեն օր՝ առավոտյան նախաճաշից առաջ:

Նախաճաշել

Լիարժեք նախաճաշը շատ կարևոր նշանակություն ունի քաշի պահպանման ու ախորժակի վերահսկման հարցում: Այն ճնշում է ախորժակն ու թույլ չի տալիս օրվա ընթացքում նորմայից շատ ուտել:

Ընթրել

Սովորաբար ընդունված է կարծել, որ երեկոյան 18։00-ից հետո սնվելը նպաստում է քաշի ավելացմանը։ Սակայն, իմ համոզմամբ, երեկոյան սնվելը՝ մասնավորապես հում բանջարեղենով և սպիտակուց պարունակող մթերքներով, նիհարել ցանկացղների համար, պարտադիր նախապայման է։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ երեկոյան ժամերին միրգ ուտելը բերում է ավելորդ կիլոգրամների ավելացմանը։

Բավարար քանակությամբ ջուր խմել

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ՝ 2-ից 2,5 լիտր ջուր խմելն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները, խթանում է նյութափոխանակությունն ու արագացնում է մարսողությունը՝ դրանով իսկ օգնելով պայքարել ավելորդ քաշի դեմ: