«Միֆեր» մազերի խնամքի մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ

Մանրամասներ

Մազերի խնամքը շատ կարևոր է, սակայն ոչ բոլորն են ճիշտ խնամում մազերն ու գլխամաշկը, քանի որ կան բազմաթիվ տարածված «միֆեր», որոնց մարդիկ շարունակում են հավատալ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Մազերը ցանկալի է չորացնել բնական ճանապարհով

Իրականում այս խորհուրդն արդիական է միայն կարճ սանրվածքի առկայության դեպքում, որը թույլ կտա վարսերին չորանալ 10-15 րոպեում: Երկար մազերը հարկավոր է չորացնել վարսահարդարիչի օգնությամբ, քանի որ ջրի մոլեկուլները կարող են ներթափանցել մազերի մեջ ու նվազեցնել դրանցում պրոտեինների պարունակությունը՝ դարձնելով վարսերը փխրուն ու խամրած: Սակայն հարկ է հիշել, որ վարսահարդարիչ օգտագործելիս օդի հոսանքը պետք է հնարավորինս սառը լինի:

Թեփը վկայում է գլխամաշկի չորության մասին

Թեփն առաջանում է ճարպագեղձերի գերակտիվության դեպքում, ուստի որևէ կապ չունի մաշկի չորության հետ: Յուղերի ու յուղային բաղադրիչներ պարունակող խնամքի միջոցների հաճախակի գործածությունը նույնպես կարող է դառնալ թեփի առաջացման պատճառ, ուստի հարկավոր է չչարաշահել նմամ միջոցները:

Ծայրերը հաճախակի կտրելը խթանում է մազերի աճը

Մազերի աճը կախված չէ սանրվածքից: Այն մեծ մասամբ պայմանավորված է գենետիկայով ու սննդից  ստացված սննդարար նյութերով: Բացի այդ, այս հարցում որոշիչ գործոն է հանդիսանում մազարմատների ակտիվությունը:

Մազերը մշտապես հավաքելը հանգեցնում է մազաթափության

Նման դեպքերում մազաթափություն կարող է սկսվել միայն մազերը չափազանց ձիգ հավաքելու դեպքում: Հակառակ դեպքում որևէ նման խնդիր չի սպառնում:

Լվանալուց հետո մազերը հարկավոր է անպայման ցողել սառը ջրով

Համարվում է, որ սառը ջրով ցողելը «փակում» է մազերի թեփուկները, ինչի շնորհիվ դրանք ավելի ամուր ու առաձգական են դառնում, սակայն իրականում մազերը բաղակացած չեն կենդանի բջիջներից, ուստի չեն «զգում» ջրի տաք կամ սառը լինելը:

Մազերը հաճախակի սանրելը նպաստում է դրանց առողջությանը

Օրական ընդամենը երկու անգամ մազերը սանրելը բավական կլինի դրանց առողջությունը պահպանելու համար: Մազերը հաճախակի սանրելու դեպքում գլխամաշկի ճարպը կհայտնվի մազերին, ինչի հետևանքով մարդն ստիպված կլինի հաճախ լվանալ գլուխը: