Երբ նա ու մյուսները հերոսական վարքագիծ են դրսևորել, ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել

Բոլորս ենք պարտավոր հարգել և ավելի պատասխանատու դիրքորոշում, վարքագիծ դրսևորել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ խոսել է Վիտալի Բալասանյանի հայտարարությունների և իր արձագանքի մասին՝ նշեով, որ հարցն այլևս գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, նրանք են զբաղվում հարցով

Գրիգորյանը նշեց, որ գործը քննվում է ԱԱԾ-ում և դրա շրջանակներում այլևս բան չկա ասելու:

Հարցին, թե չի կարծում արդյո՞ք, որ ինքը կոպիտ է արտահայտվել գեներալի հասցեին, ԱԽ քարտուղարը նշեց՝ եթե այսօր էլ խոսելու լիներ, նույն միտքը կարտահայտեր:

Դիտարկմանը, որ ինքը սեղան է նստել Բալասանյանի հետ, հաց է կիսել, ինչպես է հիմա վերջինիս «խուլիգան» անվանում, Գրիգորյանը նշել է, որ այդ հարցը նախ պետք է Բալասանյանին տալ. «Նա էլ վարչապետի հետ է հաց կիսել: Հարցը նախ պետք է իրեն տալ, քանի որ առաջինը նա է խոսել»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք տեղի ունեցածը լարվածություն առաջացնի Հայաստանի և Արցախի միջև, ԱԽ քարտուղարը պատասխանել է, թե սխալ է մոտեցումը, որ պաշտոնյաների միջև ինչ-որ խոսակցությունները կարող են ազդել երկրների հարաբերությունների վրա. «Դա այդպես չէ: Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել: Տրամաբանությունն ու ամբողջ համակարգը, որ կա, թույլ չի տա, որ այդպիսի զարգացումներ լինեն»:

Ինչ վերաբերում Բալասանյանի անցյալին, Գրիգորյանը նշել է, որ որևիցե մեկը չի քննարկում ժամանակահատվածը, երբ նա ու մյուսները հերոսական վարքագիծ են դրսևորել և մեծ ներդրում են ունեցել Արցախի պաշտպանության, հաղթանակի մեջ. «Ես էլ օրինակ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել, արդյո՞ք ես իրավունք ունեմ հավելյալ այլ բաներ անել: Ես կարծում եմ՝ ոչ: Ես չեմ կարծում թե օրենք խախտելու իրավունք ունեմ: Ես պարտավոր եմ հարգել հեղափոխությունը, Արցախի հաղթանակը: Բոլորս ենք պարտավոր հարգել և ավելի պատասխանատու դիրքորոշում, վարքագիծ դրսևորել»: