Հուսով եմ՝ մոտ ապագայում Երեւանի փողոցներում ինքնագնաց տաքսիներ կտեսնենք. «Յանդեքս տաքսի»-ի տնօրեն

ԱՊՀ-ում «Յանդեքս տաքսի»-ի տնօրեն Արամ Սարգսյանի խոսքով «Յանդեքսն» այն հազվագյուտ ընկերություններից է, որն ունի քարտեզրագրական ծառայություն, սեփական քարտեզն ու արդեն ծառայությունների ցուցակում ներառված է «car-sharing»-ը

Հուսով եմ՝ մոտ ապագայում Երեւանի փողոցներում ինքնագնաց տաքսիներ կտեսնենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ-ում «Յանդեքս տաքսի»-ի տնօրեն Արամ Սարգսյանը: Հայաստանում ինքնագնաց տաքսիների ներդրման հեռանկարների, սմարթ հնարավորությունների եւ «Յանդեքս տաքսի»-ի նոր ծառայությունների մասին կարդացեք մեր հարցազրույցում.

- Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը կարո՞ղ է կրճատել մարդկանց տեղափոխման ժամանակը:

- Միանշանակ: Մենք նոր ենք սկսել ամեն ինչ տեղափոխել թվային միջավայր եւ արդեն տեսնում ենք վարորդների շրջանում պարապուրդի էական նվազեցում, տասնյակ տոկոսային կետերով: Այդ առումով կրճատվել է նաեւ մեքենայի առաքման ժամանակը, անցում է կատարվում անձնական մեքենաների, հայտնվել է «car-sharing»-ը: Այդ ամենը ծանրաբեռնում է քաղաքի կենտրոնը, եւ, համապատասխանաբար, ճանապարհները, երթեւեկության միջին արագությունը մեծանում է, ինչը թույլ է տալիս արագ հասնել մինչեւ աշխատավայրը: 

- Այսօր շատ են խոսում այսպես կոչված սմարթ քաղաքների՝ խելացի քաղաքների մասին: Ինչպե՞ս է այդ սմարթ քաղաքում կազմակերպվում մարդկանց տեղափոխումը:

- Մենք շատ ենք սիրում խոսել նման խելացի քաղաքներում տեղափոխման հետ կապված բազմամոդալության մասին: Օգտատերն ընտրում է «Ա» եւ «Բ» կետերը, ավելի ճիշտ՝ «Ա» կետը հաճախ սահմանվում է, իսկ «Բ» կետն ընտրում է օգտատերը: Այստեղ կարեւոր է, որպեսզի հավելվածն ավելի արագ, հարմարավետ եւ էժան մի քանի տարբերակ առաջարկի: Դա կարող է լինել, օրինակ, մետրո+տաքսի կամ հեծանիվ+«car-sharing» համակցություն: Ես հավատում եմ, որ մոտ ապագայում մենք դա կտեսնենք նաեւ մեր հարթակում: Մենք դա կարող ենք անել, քանի որ «Յանդեքսն» այն հազվագյուտ ընկերություններից է, որն ունի քարտեզրագրական ծառայություն, սեփական քարտեզն ու արդեն ծառայությունների ցուցակում ներառված է «car-sharing»-ը, եւ տաքսին կարող է շատ այլ ծառայություններ ավելացնել: 

- Ասելով տաքսի՝ շատերը Հայաստանում, մասնավորապես, Երեւանում, հասկանում են «Յանդեքս»: Կա՞ն այլ երկրներ եւ քաղաքներ, որտեղ եւս «Յանդեքս տաքսին» հայտնի է:

- Դա շատ հաճելի է, երբ ասում են «Յանդեքս» եւ հասկանում տաքսի, եւ հակառակը: Երեւանում նույնիսկ կատակում էին, երբ «Յանդեքս երաժշտությունը» թողարկվեց Հայաստանում, շատերն ասում էին, որ «Յանդեքս տաքսին» թողարկեց «Յանդեքս երաժշտություն»: Դա, իհարկե, զվարճելի է, մենք բոլորս «Յանդեքս» մեծ ընկերության մի մասն ենք: Կարող եմ նշել, որ երկրների մեծամասնությունում նման ասոցիացիա արդեն գրեթե ձեւավորվել է:

- Ի՞նչ եք կարծում, առաջիկայում իրատեսակա՞ն է, որ մենք ինքնագնաց տաքսիներ ունենանք: 

- Ես ավելի քան համոզված եմ, որ դա հնարավոր է։ Այժմ Թաթարստանի ինոպոլիսներում եւ անգամ Սկոլկովոյում արդեն անվարորդ մեքենաներ են շրջում, եւ դրանք կարելի է պատվիրել «Յանդեքս տաքսի» հավելվածի միջոցով ու փորձել։ Ընդհանուր առմամբ, միակ բանը, ինչը սահմանափակում է դրանց հայտնվելը քաղաքների փողոցներում, դրանց քանակի ավելացման անհրաժեշտությունն է եւ որակի բարելավումը, ինչպես նաեւ ընթացիկ կարգավորումները քաղաքային իշխանությունների ու կառավարությունների հետ։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է նման նախաձեռնություններին։ Ինչի հետ կապված՝ հույս ունեմ, որ առաջիկայում մենք կկարողանանք տեսնել անվարորդ տաքսիներ Հայաստանում։

- Ի՞նչ նորույթներ է մտցրել «Յանդեքս տաքսին» վերջին ժամանակներս։

- Վերջին երկու ամսում մենք շատ ենք աշխատել սպասարկման որակի վրա։ Արդյունքում՝ մենք որոշեցինք բաժանել բարձր դասերը մի քանի սակագների։ Այժմ կա «Ստարտ», դա մեր բազային սակագինն է։ Այն դեռեւս մնում է նույնքան հասանելի, ինչպես կար։ Բայց դրանից բացի, կա «Կոմֆորտ» ու «Կոմֆորտ պլյուս» սակագինը։ Վարորդների գնահատականն այս դասերում 4,9-ից բարձր է, իսկ «Կոմֆորտ պլյուսում» մեքենաները 2004 թվականից հետո արտադրվածներ են, բիզնես կարգում արդեն ներկայացուցչական մեքենաներն են։ Վարորդները լրացուցիչ ուսուցում եւ թեստավորում են անցնում։ Մենք տեսնում ենք բավականաչափ դրական արձագանքներ օգտվողներից։ Նրանք լավ են ընդունել փոփոխությունները։ Եվ հույս ունենք, որ այսուհետ ավելի լավ է լինելու։ Մենք մտցրել ենք նաեւ սպասարկում կորպորատիվ հաճախորդների համար։ Այժմ «Յանդեքս տաքսի»-ի В2В հաճախորդները կարող են իրենց աշխատակիցներին տրամադրել ուղեւորավարձը կորպորատիվ հաշվով վճարելու հնարավորություն։