Ռուսաստանը փորձում է մեզ ցույց տալ իր դժգոհությունը, պետք է հասկանալ՝ Քոչարյանի՞ գործոնն է պատճառը

Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանի խոսքով ներքին լեգիտիմությունն իշխանությանը կարող է ուժ տալ, բայց ներսում համաձայնություն ու մանդատ ստանալն ամենադժվար փուլն է

Չենք կարող դատողություն անել Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունավետության մասին, քանի որ հայտնի չէ՝ ինչ նպատակներ են դրվել, և արդյո՞ք հայկական կողմը հասել է իր նպատակին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը. «Լինում են բանակցություններ, երբ հնարավոր չէ ամեն ինչի մասին ասել, մանավանդ երբ դրանք դեռ շարունակվում են, հարցն էլ գազի գինն է»:

Ըստ Մարտիրոսյանի՝ ներքին լեգիտիմությունն իշխանությանը կարող է ուժ տալ, բայց ներսում համաձայնություն ու մանդատ ստանալն ամենադժվար փուլն է. «Արցախի հարցում հող չտալու կոնսենսուս կա ներսում, ինչը բնավ չի հեշտացնում դրսում Փաշինյանի բանակցությունները»:

Հայաստանի և Ադրբեջանի համար համատեղ ընդունելի տարբերակ այս պահին, կոնֆլիկտաբանի կարծիքով, չկա, կողմերը ծայրահեղ դիրքեր են զբաղեցնում. «Նախկինում հայկական կողմը ձևականորեն համաձայնել է կարգավորման մի քանի տարբերակների՝ լավ իմանալով, որ Ադրբեջանն ասելու է ոչ, մտածելով, թե ճնշումը թող մյուս կողմի վրա լինի: Այն, ինչ կա այսօր բանակցային սեղանին, իրենց էլ ձեռք չի տալիս»:

Ըստ Մարտիրոսյանի՝ եթե այսպես շարունակվի, կողմերից մեկը գնալու է բախման՝ հետագայում բանակցային սեղանին վերադառնալու համար. «Այսօր Ալիևը համոզված է, որ ուժային առավելությունն իրենն է, մեր խնդիրը նրա համոզվածությունը կոտրելն է: Վալդայի ֆորումում Ալիևը ելույթ ունեցավ, հայկական կողմը որևէ կերպ ներկայացված չէր, և նրան ոչ ոք չհակադարձեց, սա բացթողում է»:

Կոնֆլիկտաբանի դիտարկմամբ՝ վերջերս Ռուսաստանը փորձում է մեզ ցույց տալ իր դժգոհությունը, պետք է հասկանալ՝ ո՞րն է այդ դժգոհության աղբյուրը. «Կարելի՞ է ենթադրել, որ խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանտարկության մասին է: Մենք պատկերացում չունենք՝ դա քննարկվե՞լ է Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Պետք է հասկանալ՝ որոնք են պետությունների և առաջնորդների շահերը, ինչ շահեր ունի Պուտինը, ինչն է Քոչարյանի հարցում նրան մտահոգում»: Մարտիրոսյանի պնդմամբ՝ հանրությունն ուզում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, դրա համար պետք է հաղորդակցություն լինի. «Ես սպասում եմ ոչ թե Պուտինի հետ սելֆի, այլ լավ հանդիպման արդյունքին»:

Մարտիրոսյանի համոզմամբ՝ իդեալիստական պատկերացում է այն, թե Հայաստանը բոլոր երկրների հետ կարող է շփվել իրավահավասարության հիմքերով: «Հիմա ուժային բալանսը կարևոր է, քան երբևէ: Ուժը գալիս է այլընտրանք ունենալուց»,- ամփոփել է կոնֆլիկտաբանը: