Արսեն Թորոսյանի խորհրդականը՝ նորածնի մահվան մասին

Խոսքը ոչ թե Հանրապետական հիվանդանոցի, այլ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» մասին է

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Հիշեցնենք, որ նորածնի դին ծնողներին մինչ օրս ցույց չեն տվել, ինչը ծնողներին բազմաթիվ կասկածների տեղիք է տվել:

«Խոսքը ոչ թե Հանրապետական հիվանդանոցի, այլ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» մասին է: Դրանք նույնը չեն: Հիմա քննչական գործողություններ են կատարվում, իսկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 7-ի առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին: Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ, հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նախարարը  հետևողական է, հարցը նրա ուշադրության կենտրոնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:

Հայկուհի Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ինքն ու ամուսինն անվճար հետազոտման և բուժման կուրս են անցնում:

Իսկ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, ԱՆ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հերյուրանք է համարել սա:

«Նման հայտարարություն անողը պախարակվում է ամբողջ Հայաստանով մեկ: Այդ կինը շատ բան է ասում, քննչական կոմիտեն էլ գիտի, ամեն ինչն էլ գիտի, թե ինչ է եղել, ինչպես է եղել, հիմա քննչական գործընթաց է գնում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, երբ պարզ կլինի փորձաքննության արդյունքը, նոր հայտնի կլինի՝ ինչից է մահացել նորածինը, և կա՞ արդյոք բժշկական սխալ, թե՞ ոչ: Նորածնի դին հերձվել է Հայաստանի կառավարության համապատասխան որոշման և Առողջապահության նախարարության նորմատիվ ակտերի համապատասխան»,- Aravot.am-ին ասել էր Ռազմիկ Աբրահամյանը:

Նշենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019թ. սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել է արական սեռի երեխա, և նույն օրը պտուղը մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է: