Եթե կա ապօրինի կրպակ՝ պետք է ապամոնտաժվի. Հայկ Մարության

Բարեկամության մետրոպոլիտենի պարագայում, մարդիկ պետք է միայն ուրախ լինեն, քանի որ սայլակների մուտքը վերականգնվում է, և մարդիկ կրկին կկարողանան իջնել մետրոպոլիտեն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե կա ապօրինի կրպակ, ապա այդ կրպակը պետք է ապամոնտաժվի.

«Եթե ինչ-որ մեկը որոշել է Մաշտոցի պողոտայի վրա կրպակ դնել և շահույթ ստանալ, սակայն դա մեկ միլիոն մարդու խանգարում է, դա պետք է ապամոնտաժվի: Համայնքը չի խախտի իրավունքները, այլ օրենքը կվերականգնվի: Բարեկամության մետրոպոլիտենի պարագայում, մարդիկ պետք է միայն ուրախ լինեն, քանի որ սայլակների մուտքը վերականգնվում է, և մարդիկ կրկին կկարողանան իջնել մետրոպոլիտեն»:

Հայկ Մարությանը անդրադարձավ նաև «Սանիթեք» ընկերությանը, նշեց, որ քաղաքապետարանը գույքագրել է աղբամանները, և երբ ընկերությունը ցանկանություն ունենա, կարող է գալ և վերցնել աղբամանները:

Խոսելով Երևան քաղաքում ապօրինի սեփականաշնորհված տարածքների մասին` Հայկ Մարությանն ասաց, որ հողատարածքների հետ կապված «խայտառակ գործընթաց» է տեղի ունեցել.

«Սա խայտառակ պրոցես է եղել: 90 տոկոս դեպքերում սեփականատերերը հենց այդ պահին գործող թաղապետերի մերձավոր մարդիկ են եղել՝ սանիկներ, որդիներ»: