Ռուսական ոսկին կարող է դառնալ լուրջ խնդիր ԱՄՆ համար. Ջիմ Ռիքարդս

Հեղինակն ուշադրության է հրավիրել այն հարցին, որ սկսած 2015 թվականի վերջին Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը ներառել է մոլորակի գլխավոր արժույթների զամղբյուղի մեջ

 

Ամերիկացի ֆինանսական փորձագետ Ջիմ Ռիքարդսը Daily Reckoning-ում հրապարակած իր հոդվածում գրել է Ռուսաստանի եւ Չինաստանի ՝ դոլարը գլխավոր ռեզերվային արժույթի կարգավիճակից զրկելու փորձերի մասին։ Հեղինակն ուշադրության է հրավիրել այն հարցին, որ սկսած 2015 թվականի վերջին Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը ներառել է մոլորակի գլխավոր արժույթների զամղբյուղի մեջ։ Յուանի մասնակցությունը այդ պահին կազմում էր 10,92 տոկոս, ինչը թույլ էր տալիս շրջանցել բրիտանական ֆունտի եւ ճապոնական յենի ցուցանիշներն ու առաջ անցնել։ Այդ քայլն էլ կարելի է համարել որպես դոլարին նետված մարտահրավերի մեկնարկ։ Հեղինակը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը չարաշահում է դոլարի՝ աշխարհում գերակա դիրքեր ունենալու փաստը՝ համաշխարհային ֆինանսական համակարգում գործողությունների դիմելիս, ինչն էլ հատկապես Մոսկվային ու Պեկինին է զայրացնում, որոնք էլ մշակել են նախագիծ՝ սեփական ֆինանսները ամերիկյան դոլարից նվազեցնելու համար։ Ուղղակի պատասխանը Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ոսկու մեծաքանակ ձեռքբերումներն են։ Ամենաշատը հաջողել է այս հարցում Մոսկվան, որը հանդիսանում է մոլորակի ամենամեծ քանակով ոսկու գնորդը արդեն տեւական ժամանակ։ Վերջին 10 տարում Ռուսաստանի ոսկու պաշարները աճել են երեք անգամ։ Ռուսաստանը նաեւ վաճառել է գործնականում ամերիկյան գանձապետական արժեթղթերի՝ իր ունեցած ողջ փաթեթը։ Պեկինն էլ մեծ քանակությամբ ոսկի է գնում, սակայն դեռ չի հասել ՌԴ ցուցանիշին այս հարցում։ Բացի այդ, վերջին տարիներին նկատելիորեն վատացել են ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, ով հանդիսանում է ամերիկացիների՝ Մերձավոր-Արեւելյան գլխավոր գործընկերներից մեկը։ Որոշ ժամանակ առաջ նույնիսկ կային խոսակցություններ, որ Սաուդյան Արաբիան կարող է կտրուկ արժեզրկել ամերիկյան պետական պարտքի արժեթղթերը, ունեցած տարակարծությունների ֆոնին։ Ռիքարդը եզրակացնում է, որ եթե ամերիկյան գանձապետական արժեթղթեր ունեցող երկրները սկսեն իրենց ունեցած փաթեթները վաճառել, ապա ԱՄՆ-ն կհայտնվի բավական ծանր վիճակում։ Դրանք կբերեն ամերիկյան ֆինանսական համակարգի եւ դոլարի հանդեպ գլոբալ անվստահության եւ կսկսվեն այլընտրանքային ֆինանսական գործիքների որոնումները։ Ռուսական ոսկին, այդպիսով կարող է դառնալ լուրջ խնդիր Վաշինգտոնի համար, քանի որ ռուսական ազդեցությունը սկսել է կտրուկ ավելանալ՝ ողջ աշխարհում։ «Յուանն ու ոկսին մեկ ընդհանրություն ունեն՝ նրանք հանդիսանում են այլընտրանք դոլարին։ Ուշադրությունն այդ այլընտրանքների հանդեպ աճում է։ Սա նշանակում է, որ ամերիկյան արժույթի հանդեպ հետաքրքրությունը նվազում է»,- hraparak.am-ի փոխանցմամբ՝ ամփոփել է ֆինանսական փորձագետը։