Փաշինյան-Պուտին հանդիպումները տևել են 10 րոպե. «Коммерсантъ»

Պարբերականը նաև նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտությունը կտրուկ սրվել է

Ռուսական «Коммерсантъ» պարբերականն անդրադարձել ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին:

Պարբերականն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը:

Պարբերականը մեջբերել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին՝ նշելով, որ «Դվին» հյուրանոցում և Զվարթնոց օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումները տևել են 10 րոպե: ՌԴ նախագահը օդանավակայան էր ժամանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումից հետո և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը սահմանափակվել է արարողակարգային լուսանկարով և տեսանյութով:

Պարբերականը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և նշել,  որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտությունը կտրուկ սրվել է, որի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ, 3 վիրավոր է գրանցել:

«Սրացումը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կոշտ հայտարարության ֆոնին»,-նշել է «Коммерсантъ»-ը՝ մեջբերելով նաև Ադրբեջանի նախագահի պատասխան հայտարարությունը: