Դա մեզ չի վախեցնում. Սաթիկ Սեյրանյան

Հասարակությունը պետք է հասկանա ու գնահատի լրագրողի ծանր աշխատանքը

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի կաիրծիքով՝ այսօր եւ՛ լրատվամիջոցներն են թիրախավորվում, եւ՛ նրանց զրուցակիցները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեյրանյանն անդրադարձավ «Հայելու» խմբագրության վրա տեղի ուեցած հարձակմանը:

«Ես շատ զարմացա, որ այդ երիտասարդները եկել էին «Հայելու» խմբագրություն եւ մինչ այդ՝ գործողություններ չէին կատարել Կառավարության շենքի առջեւ կամ, օրինակ, Բաղրամյան 26-ի, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ այնտեղ էր նստում, ով 2018 թվականին սեպտեմբերին առաջին անգամ հանդիպելով Ալիեւին՝ ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն էր թողել իր վրա։ Ստացվում է, որ նրան կարելի է դա ասել, կարելի է այդ բառապաշարով ելույթներ ունենալ, նրանց լրատվամիջոցում կարելի է տարբեր երկրների ղեկավարների հասցեին հանդես գալ, եւ ոչ միայն՝ Ադրբեջանի (ընդ որում` Ադրբեջանի նկատմամբ երբեմն ավելի զուսպ են հանդես գալիս, քան այլ երկրների ղեկավարների), բայց այլ լրատվամիջոցի, որեւէ այլ մեկին չի կարելի։ Ստացվում է, որ այն ինչ իրենց կարելի է, որեւէ մեկին չի կարելի»,- ասաց Սեյրանյանը։

Սեյրանյանի խոսքով՝ հասարակությունը պետք է հասկանա ու գնահատի լրագրողի ծանր աշխատանքը, լրատվամիջոցների դերը, հատկապես որ ներկայումս բավականին դժվարացել է լրագրողի աշխատանքը:

«Ուզում ենք՝ վաղը բոլոր լրատվամիջոցներով գրեն՝ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենալավ ղեկավա՞րն է, ամենաճաճանչափայլը, ամենաինտելեկտուալը, ամենաբարձրահասակը, ամենաարդա՞րը… դրա՞ն ենք ուզում հասնել, դրա՞ն ենք ձգտում։ Եթե չենք կիսում մյուս լրատվամիջոցի տեսակետը, ապա մի կոճակ են սեղմում, եւ այդ էջն այլեւս չի հայտնվում։ Ձգտում ենք, որ վե՞րջ տրվի բազմակարծությանը։ Իշխանությունները ցանկանում են լսել միայն գովք, չեն ուզում այլակարծություն, չեն ընդունում բազմակարծություն։ Դե եկեք, լրատվամիջոցները փակենք, Նիկոլ Փաշինյանը «լայվ» է մտնում, «Իմքայլականները» «լայվ» են մտնում, գրառում են անում՝ հասարակություն, բավարարվեք դրանով։ Ուզում ենք այդ ստի մեջ ապրե՞լ: Սպառնալիքներ ենք ստանում՝ հերթը սրանն է, հերթը նրանն է։ Չենք վախենում՝ խնդիր սա չէ. մենք՝ լրագրողներս, փափուկ կյանքի սովոր չենք, մենք հարվածներ ենք կրել, ամեն ինչ տեսել ենք: Ուզում է՝ ձվերով գան, լոլիկով կամ այլ բանջարաբոստանային մթերքով, դա մեզ չի վախեցնում, խնդիրն այն է, թե այս տենդենցն ուր է տանում»,- ասաց նա։