Արարատի մարզպետարանի կայքում բացակայում են Նոր Կյանք համայնքի վերաբերյալ մի քանի տարիների աշխատանքի հաշվետվությունները

Հաշվետվությունների բացակայությունը համընկնում է Արարատի ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նոր կյանքի համայնքապետ ընտրված և աշխատած ժամանակաշրջանի հետ

Արարատի մարզպետարանի կայքում բացակայում են Նոր Կյանք համայնքի վերաբերյալ 2016, 2017 թվականի առաջին և երկրորդ կիսամյակների, ինչպես նաև 2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի հաշվետվությունները:

Հաշվետվությունների բացակայությունը համընկնում է Արարատի ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նոր կյանքի համայնքապետ ընտրված և աշխատած ժամանակաշրջանի հետ: Նշենք, որ Գարիկ Սարգսյանը Նոր կյանքի համայնքապետ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, իսկ մարզպետ է նշանակվել 2018 թվականի մայիսի 31-ին:

Մարզպետարանի կայքում ներկայացված նախավերջին հաշվետվությունը 2015 թվականի երկրորդ կիսամյակինն է, ինչից հետո միանգամից ներկայացվում է 2018 թվականի երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

Tert.am-ը, պարզելու համար, թե ինչու է բացակայում 2016, 2017 թթ. ամբողջ և 2018 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունները, զանգահարեց համայնքապետարան: Սկզբում Tert.am-ի հարցին, թե ինչու է բացակայում համայնքապետարանի աշխատանքների՝ այդ շրջանի հաշվետվությունը, զանգին պատասխանած համայնքապետարանի աշխատակիցը (ով չներկայացավ), պատասխանեց. «Որովհետև ծրագիրը նոր ենք սկսել աշխատեցնել, խնդիրը դրանում է եղել: Ծրագիրը մինչև այդ չի աշխատեցվել»:

Համայնքապետարանի աշխատակիցը հավելեց, որ կայքի հետ խնդիր է եղել և որ կայքը նոր է  սկսել նորմալ աշխատել: 

Դիտարկմանը՝ ստացվում է Գարիկ Սարգսյանի համայնքապետ եղած ամբողջ ժամանակ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել հանրությանը, համայնքապետարանի աշխատակիցը գոռաց. «Խնդիրը հիմա Գարիկ Սարգսյա՞նն է, ես չեմ հասկանում»:

Դիտարկմանը, թե այդ ինչու չկա հաշվետվություն, նա պատասխանեց. «Որովհետև հաշվապահը ասենք չի եղել, ծրագիրը չի եղել, դրա համար չի ներմուծվել, իսկ, թե ինչո՞ւ է հետո եղել, որովհետև արդեն տիրապետում էր, հաշվետվությունն էլ տեղադրվել է: Հաշվապահը վերապատրաստման էր գնացել, եկել է ու հաշվապահությունները սկսել է տեղադրվել, իսկ դրանից առաջ ծրագիրը բոլոր համայնքապետարաններում աշխատեցվել է, այստեղ չի եղել, ձեռագրով ենք տեղեկանք գրել, Գարիկ Սարգսյանի ժամանակից սկսած՝ սկսել ենք տեղեկանքը գրել նորմալ, ոնց որ գրվել է մյուս համայնքապետարաններում:

Էդքան ֆիքսվել եք հաշվետվության վրա, հաշվապահը վերապատրաստվել է 19 թվականին տեղադրել է, եթե էդքան կարևոր է, կարող ենք հետ գնալ ու սկսել տեղադրել»,- ասաց նա և անջատեց հեռախոսը՝ չպատասխանելով, թե համայնքապետարանում ինչ հաստիք է զբաղեցնում:

Tert.am-ի հետագա զանգերը համայնքապետարան մնացին անպատասխան:

​​​​​​​