Ներկայիս դատախազն ու վարչապետն էլ են հանցագործներ. Ռուզաննա Ադանալյան

Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը ՝որդու սպանության գործի հետ կապված հայտնել է, որ կան նոր փաստական տվյալներ

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ որդու սպանության գործի հետ կապված հայտնեց, որ կան նոր փաստական տվյալներ:

«Ոստիկանության աշխատակիցները, ովքեր գրանցել են որդուս սպանության վերաբերյալ ահազանգը՝ 2014թ. հոկտեմբերի 29-ի երեկոյան, դեպքի վայր ժամանակին չեն գնացել, 20 րոպե ուշացել են, իսկ դրանից հետո հայտնվել են տարածքում, բայց  դեպքի վայր չեն մտել: Սրա կապակցությամբ ես դիմել էի ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով, որպեսզի ներկայացնեն, տան այն անձանց անունները, ովքեր դեպքի գիշերը սպանության վերաբերյալ հաղորդում ստանալուց հետո  ժամանակին չեն ներկայացել, ի՞նչը կամ ո՞վ է խոչընդոտել: Եվ այս անձանց անունները կոծկել է՝ ինչպես Օսիպյանը, այնպես էլ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հիմա, ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից ակնկալիքս այն է, որ դիմումիս պատասխանեն, տրամադրեն տեղեկատվություն: Ակնհայտ է, որ ոստիկաններն ինքնագլուխ  չեն գնացել դեպքի վայր, ունեցել են ցուցում,  իսկ այն կարող էր տալ այն ոստիկանության Մուշի բաժնի նախկին պետը՝ Հրաչյա Սահակյանը, ում վերաբերյալ բազմիցս նշել եմ այն, որ ինքն է պետական մակարդակով կազմակերպել որդուս սպանությունը, ու այդ կապակցությամբ տվել եմ հաղորդում»,- մանրամասնեց Ռուզաննա Ադանալյանը:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Ադանալյանն ավելի վաղ նշել էր.

«Որդուս սպանել են 2014 թվականի հոկտեմբերի 29-ին: Ներկա պահին գործը Վերաքննիչ քրեական դատարանում է, չգիտեմ, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա: Այստեղ շատ անելիքներ ունի ՀՀ գլխավոր դատախազը: Տղայիս սպանությունը եղել է դեռևս նախկին ռեժիմի ժամանակ, երբ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր, իսկ հիմա, կարծում եմ, որ կոռուպցիան թարմացվում է:

Այս գործն ինքն իրենից արդեն կոռուպցիոն քրեական գործ է: Ներկայիս դատախազն ու վարչապետն էլ են հանցագործներ, քանի որ, երբ երկրի ղեկավարը տեղյակ է, որ մեկ այլ պաշտոնյա հանցագործություն է իրականացրել, ու ինքը, դա լսելով, քայլ չի անում, նշանակում է՝ կոծկում է: Հիմա մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ, բայց դեպքի վայրում գտնվել են 20 և ավելի անձինք: Քրեական գործից բացակայում են դիակի լուսանկարները, ինչն անօրինական է, պետք է կցված լիներ դատաբժշկական եզրակացությանը: Այդ եզրակացությունն էլ է կեղծ:

Մեկ անձի կողմից կատարված հանցանքն ավելի մեղմ պատիժ է նախատեսում, քանի խմբի կողմից կանխամտածված սպանությունը: Հասցված է դանակի 8 հարված, բայց ներկայացված են երկուսը: Նախաքննական մարմինը քննության չի առել նաև այն, որ սպանությունը պատվիրված է: Ես հիմա նաև դատաբժիշկներին եմ դատի տվել:

Պատասխանատու են նաև որդուս սպանության դեպքի ժամանակ պաշտոնավարող ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի նախկին պետ Հրաչյա Սահակյանը և վերջինիս տեղակալ Արա Ազնավուրյանը, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Սպանության պատվիրատուն նախկինում Շիրակի մարզի կանանց ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է, ում հետ ունեցել եմ քաղաքացիական վեճ, առաջացել են լուրջ թշնամական հարաբերություններ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հաղթել եմ նրան, ընդամենը մեկ ամիս անց որդուս սպանությունն է տեղի ունեցել: Այո՛, ոստիկանությունում ես հաղորդում եմ տվել, որ որդուս սպանությունը զուտ իրար Արթուրիկ կամ Արտյոմիկ ասելու պատճառով չի եղել: Քրեական գործում առկա է թմրանյութ, որը թաքցրել է քննիչը՝ Հրաչյա Առաքելյանը, ում նկատմամբ վերջերս ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել»:

Ռուզաննա Ադանալյանն այսօր անդրադարձավ նաև իր մեկ այլ դիմումի. դեռևս 2018 թվականի հուլիսի 23-ին  ԱԱԾ-ին իր  կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, համաձայն որի՝  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը վաճառել է մանկատների երեխաների, ինչպես նաև նրանց օրգանները:

«Մուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր, Լուսինե Գինոսյանն ու մի շարք անձինք բացատրություն են տվել: Անգամ ծիծաղել կարելի է նախապատրաստվող նյութերի վրա, որովհետև Մուշի բաժնի հետաքննիչ Վարդուհի Հայրապետյանը նախապատրաստել է նյութեր, գնացել են մանկատուն, որոշակի փաստաթղթեր են պատճենահանել, որտեղ  ֆիքսված է, որ «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում, ենթադրենք՝ 2007թ.-ին, մահացել է 14 երեխա, 2008թ.՝ 15 երեխա: Եվ այսպես, 14-18 երեխա  ամեն տարի այս ՊՈԱԿ-ում մահացել է՝ ըստ գրանցման արձանագրության: Նյութերում առկա են նաև մահվան վկայականներ, որոնք տրված են քաղաքացիական ակտերի գրանցման բաժնից:

Այստեղ մահը հաստատող որևէ փաստաթուղթ չկա, այսինքն՝ մահացած երեխաների վերաբերյալ միայն արձանագրվել է  մահվան վկայական, բայց, թե ինչո՞ւ է մահացել, որտե՞ղ է երեխայի մահվան  փաստը հավաստող փաստաթուղթը,  որտե՞ղ է արձանագրվել, որ երեխան մահացել է, այս տեղեկությունները բացակայում են: Մահվան վկայականում, բոլոր երեխաների մահացության դեպքում նշված է  օրգանիզմի ուղեղային կախեքսիա, ինչը ենթադրում է հյուծվածություն: Արհեստավարժ ձևով մահացության բոլոր դեպքերը  գրանցել են նման դիագնոզով, բայց, թե ո՞վ է եղել բուժող բժիշկը, ո՞րն է մահվան փաստը, չկա: Կան մի քանի մահվան փաստը հաստատող դատաբժշկական փաստաթղթեր:

Այս գործողություններն իրականացրել է Պետրոսյան ազգանունով բժիշկը: Եթե միշտ նույն անուն-ազգանունն է կրկնվում, արդեն կասկածի առիթ է ստեղծվում: Կա մի նկարագիր, որտեղ արձանագրություն է կազմել հետաքննիչը: Գնացել են Շիրակ գյուղի գերեզմանոց, որտեղ առանձին տեղ է հատկացված «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի մահացած երխաների համար, և գերեզմանատան աշխատակիցը ներկայացրել է մի հատված,  որտեղ ընդամենը կան ցուցանակներ, որտեղ արձանագրված է՝ «Երեխաների տուն» ՊՈԱԿ, իսկ մյուս տվյալները ջնջված են: Կասկածելի է այս հանգամանքը:

Հետաքննիչը գերեզմանատան աշխատակցին հարցրել է, թե արդյո՞ք ՊՈԱԿ-ի երեխաներն են,  աշխատակիցը պատասխանել է, որ չի կարող ասել,  քան որ տվյալներ չկան: Հետևաբար՝ ցուցանակը ոչինչ չի կարող իրենից ներկայացնել: Կոնկրետ ո՞ր երեխան է այդտեղ հուղարկավորված, որտե՞ղ է այդ երեխայի ծննդյան վկայականը, մահը հաստատող փաստաթուղթը, և արդյո՞ք հուղարկավորված է: Այստեղ մարդու վաճառքով զբաղված խաղ է: Էն, որ ասում են՝ մարդավաճառներ, օրգանավաճառներ, սրանք են: Այս երեխաների ճակատագիրն անհայտ է: Գնացել, մանկատնից մի քանի բաներ ես պատճենահանել, բերել, բա դու հետաքննի՞չ ես: Բա չես հետաքննել՝ այս երեխան որ մահացել է, ո՞ւր է մահվան փաստը հավաստող փաստաթուղթը, ո՞վ է դիահերձել, որտե՞ղ է թաղված»,- եզրափակեց Ռուզաննա Ադանալյանը:

Անի Կարապետյան