Հայկ Մարությանը չի կարողանում ձերբազատվել բացասական հոդվածներից. «Մեդիա պաշտպան»

Որպես դրական դիտարկվել են այն հրապարակումները, որտեղ լրատվականները և քաղաքացիները նշել են, որ աղբահանության ոլորտում դրական դինամիկա են նկատել

2019թ-ի սեպտեմբերի 11-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 328 հոդված, որոնցից 140-ը եղել է բացասական, 21-ը՝ դրական, 167-ը՝ չեզոք։

Քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարողանում ձերբազատվել բացասական հոդվածներից։ Շարունակվում է Հայկ Մարությանի և «Սանիթեք» ընկերության պայքարը։ Այս անգամ «Սանիթեքը» հայտարարությամբ է հանդես եկել և նշել է, որ 5,3 միլիարդ դրամի վնասի պատասխանատուն Հայկ Մարությանն է. «Հատկանշական է, որ 1.607.721.900 ՀՀ դրամ վնասը 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված տեխնիկայի և աղբամանների հանրագումարն է: 2019 թվականի տարեկան համաձայնագրի կնքման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից չի պահանջվել տվյալ տարվա համար նախատեսված բանկի կամ վարկային կազմակերպության ընկերության կողմից տրված երաշխիք։ Հետևաբար նույնիսկ եթե հիմնավորվի, որ նշված գումարը վնաս է, այլ ոչ թե քաղաքապետի կողմից չհիմնավորված ծախս, ապա դրա համար պատասխանատու է քաղաքապետ Հայկ Մարությանը»:

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Մարինե Սուքիասյանը նշել է, որ Հայկ Մարությանը ավելի քան 80 տոկոս ձայն է հավաքել Նիկոլ Փաշինյանի կոչով։ Նա նշում է, որ Հայկ Մարությանը վարչապետի քաղաքապետն է, ով տապալել է իր գործը։ Նա գրում է. «Եթե կենցաղային աղբը փողոցում է ու մարդիկ սեփական աչքերում ամեն րոպե դա տեսնում են, ապա պետական համակարգի աղբային վիճակը երևալու է շատ ավելի ցավոտ ու շատ ավելի վտանգավոր կողմերով»։ Երևանի նախկին ավագանի Սոնա Աղեկյանն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց պարտադրել է, որ քվե տան Կարգին Հայկոյի։
Երևանի ավագանի Դավիթ Խաժակյանն էլ, ով Երևանում ՏԻՄ կառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ է նախատեսել 10 կետով, մերժվել է։ Դավիթ Խաժակյանն այս դեպքից հետո գտնում է, որ Հայկ Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի «կոստյումին»։

Լրատվականները նշում են, որ Հայկ Մարությանի հրամաններից մեկն անօրինական է եղել։ Հայտարարության մեջ ասված է, որ Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության։ Ընկերությունը դիմել է դատարան և հաղթել է դատում, այս պահին, ըստ հայցվոր կողմի, ընկերությունը նաև վնասի փոխհատուցում կարող է պահանջել քաղաքապետարանից։

Որպես դրական դիտարկվել են այն հրապարակումները, որտեղ լրատվականները և քաղաքացիները նշել են, որ աղբահանության ոլորտում դրական դինամիկա են նկատել։ Դրական է գնահատվել նաև այն հոդվածը, որտեղ նշվել է, որ Երևան քաղաք, աննախադեպ ակտիվ է եղել հայտարարված զորավարժությունների ժամանակ։

«Մեդիա պաշտպան»