Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի հնարավոր թանկացման հարցը. «168 ժամ»

Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում

«168 ժամ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչև 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կայացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»:

Այստեղ կարևորենք մի առանցքային դրվագ, ակնհայտ է, որ այս ձևակերպմամբ Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի հնարավոր թանկացման հարցը, քանի որ դա բո­լոր ժամանակներում եղել է քաղաքական որոշման արդյունք, և այնտեղ տնտեսական և այլ տիպի արհեստական բաղադրիչներ փնտրելն ընդամենը հերթական մանիպուլյացիան է հարցի վերաբերյալ պատասխանատվությունից խուսափելու համար:

Բացահայտ փաստ է, որ գազի գնի թեման բոլոր ժամանակներում ու մշտապես բանակցվել է երկրների ղեկավարների մակարդակով: Այս փաստի մասին խոսելիս ընդամենը բավարար փաստարկ է մի թեթև անդրադարձ կատարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնական քրոնիկոնին ռուս գործընկերների հետ շփվելու և նրանց հետ գազի գնի հետ կապված ունեցած բանակցային փուլերին ու հանդիպումներին, և միանգամից ակնհայտ կդառնա, որ Վլադիմիր Կարապետյանը հերթական անգամ ակնհայտ ստում է, որովհետև տնտեսվարող սուբյեկտների վրա այլ պետություններին մատակարարվող գազի գնի որոշման հարցը երբեք չի դրվել:

Այս ամենը նշանակում է մի բան Կարապետյանը ստում է, որովհետև ասելիք չունի, քանի որ ակնհայտ է, որ, եթե լիներ որոշակի դրական արդյունք և հաջողության նշույլ, որը կկասեցներ գազի գնի հնարավոր բարձրացումը, ապա րոպե առաջ ոչ միայն մամուլի խոսնակը, այլև իշխանական ողջ «լեգիոնը», այդ թվում և ֆեյքերը, կլծվեին գովերգելու «ժողովրդական վարչապետի աննախադեպ ձեռքբերումը», կխոսեին Փաշինյանի «փայլուն» քաղաքականության մասին: Փաստացի թեման «գցելով» տնտեսվարողների «գրպանը», պարզ է դառնում մի բան գազի գնի բանակցություններում ասելիք չկա, և ամեն ինչ ձախողված է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարումվ