Ով խոսի, դուք լռեք

Երբեք հասարակությունն այսքան տարանջատված ու բեւեռացած չի եղել, որքան այս շխանության պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում

«Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը երկու օր է փոթորիկ է բարձրացրել համացանցում, ոտեղ գերակշռում են դատապարտող հայտարարությունները ու կա հանրային պահանջ Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելու վերաբերյալ: Քոչարյանը չի պատրաստում ներողություն խնդրել, նա շտապեց այդ մասին այտնել լրագրողների հետ զրույցում՝ հիմնավորելով, որ Հովհաննիսյանն է իրեն վիրավորել՝ կոռուպցիոներ անվանելով: Քոչարյանի սկանդալային հայտարարությանն անդրադարձան քաղաքական ներկա եւ նախկին գործիչներ, սակայն իշխանականներից որեւէ մեկն այդուհանդերձ այդքան համարձակություն չունեցավ՝ դատապարտելու թիմակցի արարքը: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանություններից շատերը ոչ վաղ անցյալում գերհամարձակ իրավապաշտպաններ էին, մարդու եւ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ:

Զորօրինակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ով մի անչափ համեստ ստատուս գրեց այս առթիվ. «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք»,- գրեց Լենա Նազարյանը:

Զարմանալին այն է, որ ատելության, անձնական կյանքի ոտնահարման, թշնամանքի եւ նման այլ բաների մասին խոսում է մեկը, երբ երբեք հասարակությունն այսքան տարանջատված ու բեւեռացած չի եղել, որքան այս շխանության պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում: Ով կպատկերացներ, որ սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանության եկածները հասարակությանը կսորտավորեի սեւերի ու սպիտակների, ատելության, թշնամանքի, բռնության քարոզը այս իշխանության կողմից խրախուսվել է ամենավերին՝ վարչապետի մակարդակով: Ու հիմա տիկինն այս խոսում է ատելության ու նման բաների մասին: Եթե Նիկոլ Փաշինյանը, կամ հանրությանը սեւի ու սպիտակի բաժանած Հայկ Մարությանը նախկին են, ապա այլ հարց է եւ այստեղ չենք կարող չհամաձայնել Լենա Նազարյանի հետ, որ նրանց ձեռամբ իսկապես ատելության մթնոլորտն է թանձրացել:

Անի Սահակյան

https://hayeli.am/?p=150461&l=am