Facebook-ին կարող են պարտավորեցնել հեռացնել անօրինական կոնտենտը ամբողջ աշխարհում

Դա հակասում է այն հին սկզբունքին, որի համաձայն, մի երկիրը իրավունք չունի իր օրենքները պարտադրել այլ երկրի խոսքի հանդեպ

Եվրամիության գերագույն դատարանը վճիռ է կայացրել, որ Facebook-ին կարող են պարտավորեցնել հեռացնել անօրինական կոնտենտը ամբողջ աշխարհում, հայտնում է Reuters-ը։

Լյուքսեմբուրգում տեղակայված դատարանի որոշման մեջ ասվում է, որ Facebook-ը, հնարավոր է, ստիպված լինի որոշակի պայմաններում կատարել գլոբալ մասշտաբով կոնտենտի հեռացման հայցերը։

Facebook-ը քննադատել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ սոցիալական հարթակների դերը այն չէ, որ հետեւեն, յուրովի մեկնաբանեն եւ հեռացնեն բառերը, որոնք կարող են անօրինական համարվել ցանկացած կոնկրետ երկրում։

«Դա հակասում է այն հին սկզբունքին, որի համաձայն, մի երկիրը իրավունք չունի իր օրենքները պարտադրել այլ երկրի խոսքի հանդեպ»,- ասել են ընկերությունում։

Բրիտանական Article-19 իրավապաշտպան խումբը սատարել է Facebook-ին՝ հայտարարելով, որ դա կարող է ազդել ամբողջ աշխարհի ինտերներտում խոսքի ազատության վրա։